Հրդեհ՝ ներքին Շենգավիթում․ կա մեկ զոհ, շենքից տարհանվել է 10 բնակիչ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

հրդեհ123

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17:32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցի թիվ 1 շենքի 6-րդ հարկում ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահամիրյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում․ ներսում կա երեխա։ Փրկարարները շենքից տարհանել են 10 բնակչի։ Բնակիչ Ալեքս Ա․-ն (ծնված 2017 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել բնակարանից և հոսպիտալացվել «Մուրացան» հիվանդանոցային համալիր։

Փրկարարները հարևան բնակարանի բնակչուհուն՝ Հասմիկ Հ․-ին (ծնված 1957 թ․) անգիտակից վիճակում հայտնաբերել են շքամուտքում ընկած և բնակիչների հետ միասին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Շենգավիթ» ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։

Մեկ այլ բնակչուհի (Անահիտ Մ․, ծնված 2002 թ․) տարհանման ընթացքում ստացել է ոտքի վնասվածք և հոսպիտալացվել «Շենգավիթ» ԲԿ։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 18։28-ին, մարել՝ 18։59-ին: Այրվել է նախամուտքի, հյուրասենյակի և ննջասենյակի գույքը։

--00—ԼՄ