Հայաստանը մտադիր է հետևողականորեն խթանել ԵԱՏՄ-ի տնտեսական շահերը համաշխարհային շուկայում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

1

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստի ժամանակ նշել է, որ այն այս անգամ առանձնահատուկ նշանակություն է ստանում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կուբայի Հանրապետությանը և Ուզբեկստանի Հանրապետությանը պաշտոնապես կշնորհվի Եվրասիական տնտեսական միությունում դիտորդի կարգավիճակ:

«Այս կապակցությամբ ես կցանկանայի ողջունել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավկաթ Միրոմոնի Միրզիյոևին և Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսին: Մենք հաստատում ենք մեր հանձնառությունն ու համագործակցության պատրաստակամությունը:

Հուսով ենք, որ դիտորդ պետությունների ներգրավումը համատեղ ծրագրերի իրականացման մեջ առաջիկայում կարտացոլվի փոխադարձ առևտրի և տնտեսական համագործակցության աճի մեջ: Սա նաև կնպաստի մեր երկրների ներդրումային գրավչության բարձրացմանը»,-ասել է Փաշինյանը և կարծիք հայտնել, որ ԵԱՏՄ արտաքին փոխգործակցությունը պետք է աճ ապահովի նոր փոխշահավետ նախագծերի շնորհիվ, որոնք ընդլայնում են այս կամ այն երկրի հետ հետագա համագործակցությունը:

«Մենք այս տեսանկյունից ենք դիտարկում նաև Իրանի հետ 2018 թվականին ստորագրված միջանկյալ համաձայնագրի ուղղությամբ աշխատանքը շարունակելու մասին առաջարկվող որոշումը:

Հայաստանը մտադիր է հետևողականորեն խթանել Միության տնտեսական շահերը համաշխարհային շուկայում և նպաստել ԵԱՏՄ-ի դիրքավորմանը միջազգային ասպարեզում՝ որպես հուսալի, կանխատեսելի գործընկեր: Վստահ ենք, որ այսօր ընդունված «2021 թ․ ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների մասին» և «Միջնաժամկետ հեռանկարում Միության հիմնական գործընկերների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման մոտեցումների մասին» փաստաթղթերը կարևոր ներդրում կունենան այդ նպատակների իրականացման մեջ»,-ասել է Փաշինյանը:

Նշենք, որ նիստին մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պատվավոր նախագահ, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահի պաշտոնակատար Թալանթ Մամիտովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: ԵԱՏՄ-ում որպես դիտորդ պետություն նիստին մասնակցել է նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, ինչպես նաև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու նապատակով նիստին մասնակցել են Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը և Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանել Բերմուդեսը:

Առավել մանրամասն՝ այստեղ:

--00—ԼՄ