Եթե կովիդը վերջանա, և լուծումներ չգտնվեն, շատերը կհեռանան. դա տեսել ենք 30 տարվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել ՍիվիլՆեթին, որի շրջանակում անդրադարձել է ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիկին և դրանով պայմանավորված ներքաղաքական իրավիճակին: 

Արշալույս Մղդեսյան - Պարոն նախագահ, մինչև ներքաղաքական իրավիճակին անդրադառնալը կուզեի Ձեր կարծիքը լսել՝ ինչո՞ւ մենք հասանք այս վիճակին, նկատի ունեմ պատերազմն ու պատերազմում պարտությունը, ներքաղաքական այս վիճակը: Դուք ունե՞ք այդ հարցի պատասխանը:

Նախագահ Սարգսյան - Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ այս օրերին ունի այդ հարցի կամ բազմաթիվ այլ հարցերի պատասխանը կամ գոնե փորձում է պատասխան գտնել: Ես կփորձեմ մի քիչ ավելի ընդհանուր պատասխանել: Երբ խոսում ենք այս պահի մասին, հիմնական հարցը, կարծում եմ, հետևյալն է՝ ունե՞նք ճգնաժամ, թե՞ ոչ: Կարծում եմ՝ ունենք ճգնաժամ և ոչ թե մեկը, այլ մի քանիսը: Դուք հարցրեցիք պատերազմի մասին: Երբ հայացքս հետ եմ ուղղում նախորդ մի քանի ամիսներին, տեսնում եմ, որ անցանք մի ճանապարհ, որն ինչ-որ իմաստով պարտության ճանապարհ չէր: Պարտության ճանապարհ չէր, որովհետև պատերազմի ժամանակ պարզվեց, որ ունենք հսկայական թվով երիտասարդ մարդիկ, որոնք պատրաստ էին կրկնելու այն հերոսական ճանապարհը, որ անցել էին իրենց հայրերը 1990-ականներին կամ գուցե իրենց պապերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Նրանք ուղղակի հերոսներ էին, որոնք պատրաստ էին իրենց կյանքը զոհելու հայրենիքի համար: Խոսքը հազարավոր երիտասարդների մասին է: Մենք ունեինք ընտանիքներ, որոնք, իրենց մեծ ողբերգությունը, ցավը լուռ կուլ տալով, հպարտ էին, որ իրենց զավակներն իրենց կյանքը զոհաբերել էին հայրենիքի համար: Սա ծանր բան է: Մենք ունեինք մի ողջ ժողովուրդ, որը պատրաստ էր ապրելու պատերազմի տրամաբանությամբ, հոգեբանությամբ, պատրաստ էր նաև ամեն ինչ զոհելու հաղթանակի համար: Այսօր էլ ունենք: Մենք ունեինք Սփյուռք, որն ամեն ինչ արեց՝ աննախադեպ ձևով աջակցելու հայրենիքին՝ և՛ ֆինանսապես, և՛ տնտեսապես, և՛ խորհուրդներով, և՛ մասնակցությամբ: Կարծում եմ՝ այս բոլորը եթե ի մի բերենք՝ դա իրական հաղթանակ է, իսկական հաղթանակ, ոգու հաղթանակ, հայկական ոգու հաղթանակ է եղել: Մենք բոլորս մասնակից ու վկա էինք այդ հայկական հաղթական ոգու:

Շատ ցավում եմ, որ այդ հայկական հաղթական ոգին, որ կար, կա և լինելու է ապագայում, պատերազմի դաշտում չվերածվեց պատերազմական հաղթանակի: Հիմնական պատճառները մի քանիսն են: Հայաստանը, աջակցելով Արցախին, պատերազմ էր վարում Ադրբեջանի, որը տնտեսապես ու մարդկային ռեսուրսների առումով շատ ավելի մեծ է, և Թուրքիայի դեմ: Մենք բոլորս գիտենք՝ պատերազմի դաշտում պարտությունը կապված էր նրա հետ, որ բանակը, որն ուներ ֆանտաստիկ ոգի և հայրենիքին նվիրված զինվորներ, որոնք հաղթական զինվորներ էին, չուներ 21-րդ դարի զենք: Չունեինք արդիական զենք, իսկ հակառակորդը զինված էր արդիական զենքով: Միայն զենքը կամ գործիքները չեն, այլ նաև՝ թե ինչպես ես այդ գործիքներն օգտագործում կամ այսպես կոչված՝ ռազմական արվեստը: Սա ինձ հետ է տանում 1990-ականներ, երբ 1994 թվականին մենք հաղթած դուրս եկանք, և ամբողջ աշխարհը ոչ միայն բարյացկամ էր վերաբերվում Հայաստանին, հայ ժողովրդին, Արցախին, այլև ճանաչում էր, որ հայերը հաղթական էին: Պատճառներից մեկը նաև այն էր, որ մեր հակառակորդից մեկ-երկու տարով առաջ էինք ժամանակակից ռազմական արվեստի իմաստով: Ե՛վ մենք, և՛ ադրբեջանցիները սկսեցինք կամավորական շարժումներով, անկազմակերպ խմբերով, սակայն մենք հասկացանք, գիտակցեցինք և ներգրավեցինք մեր հայրենակիցներին, որոնք ծառայել էին խորհրդային բանակում, Աֆղանստանում: Այսինքն՝ Հայաստան եկան պատերազմը վարելու մշակույթը և արվեստը, ու մենք առաջ էինք ադրբեջանցիներից: Մոտավորապես նույն զենքներն ունեինք, բայց կար պատերազմը վարելու գիտությունը և արվեստը, որով մենք իրենցից առաջ էինք ու, հետևաբար, հաղթեցինք: Սա էլ մեկ ուրիշ պատճառ, որ տվյալ դեպքում, եթե մենք 1990-ականներին կամավորականությունից գնացինք բանակ, ստեղծեցինք հզոր բանակ, ապա այս պատերազմի ժամանակ մենք, չգիտես ինչու, ոչ թե բանակից գնացինք 21-րդ դարի բանակ, այլ իջանք կամավորականության:

Ռազմի դաշտում պարտվողը զինվորը և զինվորի ոգին չեն եղել, այլ՝ որոշումներ կայացնող մարդիկ, որոնք ի պաշտոնե պետք է կազմակերպեին պատերազմը, այն առաջնորդեին և նախապատրաստեին հնարավոր պատերազմը:

Այստեղ դեր ունի նաև այն, որ մեր հասարակությունը բաժանված, բևեռացված է: Դեր ունեին նաև այն սխալ ձևերը, մեթոդները, որ կային հանրային կարծիքի և հանրության ներգրավման առումով: Սրանք բոլորը, եթե գումարեք, կգտնեք պատերազմական կամ հետպատերազմական ճգնաժամի պատճառը: Սակայն այդտեղ պարտված զինվոր չկա, ընդհակառակը՝ մեր զինվորը հաղթական է, որովհետև այդ ոգին տեսել եմ նաև մարդկանց հետ հանդիպումներին: Մեր բանակը փայլուն հաղթական ոգի է ունեցել և ունի, ուղղակի պետք է ունենային համապատասխան զենք, գործիքներ և կազմակերպվածություն: Սա՝ մի ճգնաժամ: Սակայն սա միակը չէ:

Արդեն ունենք ժողովրդագրական ճգնաժամ և եթե հետ նայենք՝ Արցախն ուներ ժողովրդագրական ճգնաժամ. 26 տարիների ընթացքում ինչպես 140 հազար բնակչություն է ունեցել, այդպես էլ մնացել էր: 26 տարվա ընթացքում Արցախի բնակչությունը կարող էր շատ հանգիստ լինել 500-700 հազար: Այդ դեպքում պատերազմը կամ չէր լինի կամ կլիներ ուրիշ:

Մենք նաև ապագայում ունենք հնարավոր ժողովրդագրական ճգնաժամի ռիսկ: Եթե կորոնավիրուսը վերջանա, և ճգնաժամերի լուծումներ չգտնվեն, հնարավոր է՝ մեր շատ հայրենակիցներ հեռանան հայրենիքից: Մենք դա տեսել ենք 30 տարվա ընթացքում:

Կա ուրիշ ճգնաժամ ևս՝ առողջապահական, որը, ցավոք սրտի, դեռ շատ հեռու ենք լուծելուց: Դա կապված է կորոնավիրուսի հետ, ամեն օր մենք մեր հայրենակիցներին ենք կորցնում:

Կա տնտեսական ճգնաժամ, որը կար մինչև պատերազմը, դրան ավելացավ կորոնավիրուսը, որը խորացրեց տնտեսական ճգնաժամը:

Կա հումանիտար ճգնաժամ: Մենք ունեն հազարավոր հայրենակիցներ, որոնք այստեղ են եկել Արցախից և այս ձմեռը պետք է անցկացնեն Հայաստանում: Նրանց ապրելու, աջակցելու, երեխաներին կրթելու, դպրոց տանելու հնարավորություն ստեղծելու կարիք կա: Սահմանադրությամբ գրված չէ, բայց Հայաստանի Հանարպետության նախագահը, մեր աշխատակազմն այսօր զբաղվում են Հադրութից եկած մոտավորապես 200 մարդու տեղաբաշխմամբ: Մեզնից յուրաքանչյուրն է դա անում: Գիտեմ՝ Երևանում կան կամավորներ, աջակիցներ, կազմակերպություններ, բոլորն անում են դա:

Կա սոցիալական ճգնաժամ: Այս ծանր պայմաններում, մանավանդ իրենց հերոս զավակներին կորցրած ընտանիքները, որոնք հազարավոր են, ապրում են սոցիալական դժվար պայմաններում, կորցրել են զավակին, որն այդ ընտանիքի համար նաև կերակրող էր: Հազարավոր երիտասարդներ այսօր վիրավոր են: Սա ևս հսկայական սոցիալական խնդիր է:

Կա ճգնաժամ նաև, այսպես ասած, հանրային կարծիքի ձևավորման ոլորտում՝ և՛ ներքին, և՛ արտաքին ասպարեզում: Պատերազմը, որ մեզ թվում է, թե ավարտվեց նոյեմբերի 9-ին կամ 10-ին, չի ավարտվել, որովհետև լրատվական, հանրային կարծիքի պատերազմը շարունակվում է, և շատ ինտենսիվ է շարունակվում: Հակառակորդը հարձակվում է մեզ վրա այն տեղերում, որտեղ, թվում է, մեր ամենաբարեկամ երկիրն է: Օրինակ՝ Ռուսաստանի տարածքում ամեն ձևով իրականացվում է հայկական էության, պետականության նվաստացման պատերազմ: Նույնը կատարվում է նաև Եվրոպայում, ԱՄՆ-ում: Արաբալեզու երկրներում ևս մեր հակառակորդը հակահայկական պրոպագանդայով է զբաղված: Փոխանակ մեր ռեսուրսները՝ լինի դա պետական կամ այսպես կոչված ՊՈԱԿ-ային կամ ոչ պետական, օգտագործենք հակառակորդին հակազդելու համար, մարդիկ զբաղված են Հայաստանի ներսում անհատների, կազմակերպությունների, կուսակցությունների, կառավարության կամ ընդդիմության վրա կեղտ լցնելով: Ըստ որում, պայքարի այդ որակը սարսափելի ցածր է, որևէ սահմանափակում չկա, բարոյականություն, ճշմարտություն չկա: Սա մեկ ուրիշ ճգնաժամ է: Մենք հսկայական մարդկային, բարոյական, հոգեբանական ռեսուրսներ ենք ծախսում մեր ազգի ներսում պետականության նկատմամբ վստահությունը ոչնչացնելու համար՝ տանելով դեպի անդունդ:

Կա բարոյահոգեբանական ճգնաժամ, որը շատ էական է: Չնայած, ինչպես նշեցի, զինվորը, ժողովուրդը չի պարտվել, բայց այս իրավիճակը ստիպում է մարդկանց անցնել շատ ծանր բարոյահոգեբանական ճանապարհով, մանավանդ երիտասարդներին: Ես ինքս լավատեսներից մեկն եմ, որ կարծում եմ՝ հերոսական ոգին, որ մեր ժողովուրդը ցույց տվեց այս պատերազմի ժամանակ, լինելու է այն գրավականը, որով մենք նորից մեր պետությունը ոտքի ենք կանգեցնելու: Հույս ունեմ, որ կառուցելու ենք նոր պետականություն, որը լինելու է իրական իր կառույցներով, ինստիտուտներով, այդ ոգին կարողանալու ենք օգտագործել, որպեսզի ոչ միայն Հայաստանը ոտքի կանգնի, այլ նաև արցախյան հարցը, ի վերջո, վերջնական արդարացի լուծում ստանա:

Շատ դժվար է նաև նրանց համար, ովքեր դրսում են ապրում, դժվար է մեր Սփյուռքի համար: Անհրաժեշտություն կա պարտվածի հոգեբանությունը հաղթահարել: Սա էլ մեկ ուրիշ ճգնաժամ է, որը, կարծում եմ, շատ-շատ էական է:

Ունենք նաև կառավարման խոր ճգնաժամ: Մեզ մոտ շատ հաճախ ինստիտուտները փոխարինվում կամ նույնականացվում են անհատների հետ: Հայաստանի Հանրապետության նախագահի ինստիտուտը ես չեմ: Ես ուղղակի այդ ինստիտուտի ղեկավարի պաշտոնը ժամանակավոր կրողն եմ: Որևէ նախարարություն կամ նախարար ինստիտուտ չէ: Ցավոք սրտի, ինչ ենք մենք այս օրերին տեսնում՝ ինստիտուտի գործելու փոխարեն այդ ինստիտուտները, բաժինները կամ վարչությունները կամ նախարարները հաճախ պարտվում են:

Պարտվում են բլոգերներին և այսպես կոչված ֆեյքերին: Այսինքն՝ ֆեյք կամ սուտ վիրտուալ աշխարհը ճնշում է գործադրում համապատասխան պետական գործչի վրա, որի պարտականությունն է օբյեկտիվորեն, իրականորեն իրագործել որոշակի գործառույթներ, և նա պարտվում է, քանի որ սկսում է ենթարկվել «հանրային կարծիքին», որն իրականում հանրային կարծիք չէ, այլ՝ առանձին մարդկանց, խմբերի շահերի արտահայտություն:

Այս ճգնաժամերի ցանկում կա մեկ ուրիշը, որը ճգնաժամը չճանաչելու ճգնաժամն է: Եթե դու հիվանդ ես՝ պետք է նախ և առաջ ախտորոշես հիվանդությունը: Ցանկացած ոլորտում՝ առողջապահությունից մինչև գիտություն, շատ էական է հետևյալ խնդիրը՝ մենք ինքներս մեզ չպետք է խաբենք: Սա ֆունդամենտալ հարց է, որովհետև մենք սովոր ենք մեր երազները կամ երազանքներն ընդունել որպես իրականություն: Այն, ինչ ունեցել ենք, ընդունում ենք, որ այսօր էլ ունենք: Կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել: Այսօրվա Բյուրականի աստղադիտարանը նույնը չէ, ինչ Վիկտոր Համբարձումյանի ժամանակ էր: Այսօր մտածել, որ մենք ունենք ժամանակակից, 21-րդ դարի աստղագիտություն, ինքնախաբեություն է: Այսօրվա Գիտությունների ակադեմիան նույնը չէ, ինչ մենք ունեինք 30 տարի առաջ: Մարդկանց թվով երևի 6-7 անգամ փոքրացել է, իսկ ֆինանսավորմամբ՝ գուցե 20-30 անգամ: Իհարկե, ունենք փայլուն, ամենաժամանակակից գիտությամբ զբաղվող անհատներ կամ լաբորատորիաներ, բայց ասել, որ դու ունես սիստեմատիկ գիտություն և այլն, և այլն...

Մենք ինքներս մեզ խաբելով եթե ասում ենք, որ ունենք հզոր բանակ, բայց իրականում բաց ենք թողնում բանակի կազմակերպումը, այն ժամանակակից դարձնելը, արդյունքն այն է, ինչ ունենք:

Առաջին խնդիրներից մեկը հետևյալն է՝ պետք է փորձենք ասել ճշմարտությունը, ասել այն, ինչ կա: Կարծում եմ՝ առաջին գործերից մեկը, որ ապագա կառավարությունները կամ կառավարությունը պետք է ունենա՝ պետք է կատարեն հանրապետության և մեր ազգի համար հիմնական արժեքների վերաքննություն, աուդիտ:

Առավել մանրամասն՝ այստեղ:

--00—ԼՄ