Սևանը, Ջերմուկը կամ Սյունիքը Ադրբեջանին զիջելու լուրը տեղեկատվական պատերազմ է

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14,  24News

Փաշինյան

Այս օրերին, բացի սահմանային անվտանգությունից, մենք առերեսվում ենք տեղեկատվական անվտանգության խնդիրների հետ: Հայտնի շրջանակները տեղեկատվական ահաբեկչության մի իսկական գործընթաց են սկսել Հայաստանի եւ Հայաստանի ժողովրդի դեմ: Տարածվում է ամենատարբեր սուտ եւ կիսասուտ տեղեկություն, եւ սրա նպատակը մեր ժողովրդի շրջանում տագնապի զգացումը խորացնելն է, խուճապ ստեղծելը: Պարզ է, որ դրությունը, որում գտնվում ենք, բավական բարդ է: Բայց նաեւ այս գիտակցությամբ եմ ասում, որ մեր առաջնային խնդիրը Հայաստանում, Արցախում, Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունության եւ անվտանգության հաստատումն է, եւ մենք ամեն օր աշխատում ենք այս ուղղությամբ: Այս մասին ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես խնդիր եմ առաջադրել, որ պաշտոնական տեղեկատվությունը ավելի ինտենսիվ եւ ամբողջական արձագանքի հանրության շրջանում առկա մտահոգություններին ու ավելի արագ լուսաբանի տեղի ունեցող գործընթացները: Եւ այս առումով ուզում եմ պարզապես ասել, որ կան իրավիճակներ, որոնք դեռ զարգացող են, եւ նրանց վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը երբեմն հապաղում է մեկ պարզ պատճառով. իրադարձությունները զարգանում են, եւ քանի դեռ չկա իրադարձությունների արձանագրման որեւէ իրավիճակ, պաշտոնապես հաղորդված տեղեկությունները կարող են նեգատիվ ազդեցություն ունենալ իրավիճակի վրա, եւ այս առումով շատ կարեւոր է, որ հանրությունը ինքը նույնպես կարողանա տարբերակել ճիշտ տեղեկությունը սուտ տեղեկությունից: Սա ընդհանրապես ոչ միայն այսօրվա խնդիր է, այլեւ 21-րդ դարի ամենակարեւոր խնդիրներից է:

Բայց, օրինակ, այս համատեքստում պետք է արձանագրել, որ կան տեղեկություններ, որոնց ստահոդ լինելը պիտի ակնհայտ լինի ի սկզբանե: Օրինակ, բանը հասել է այնտեղ, որ առանց ավելորդ բարդությունների լուրեր են դրվում շրջանառության մեջ, թե, ասենք, կառավարությունը Սեւանը, կամ Ջերմուկը, կամ Սյունիքը զիջել է Ադրբեջանին: Սա իսկապես տեղեկատվական պատերազմ է, եւ այստեղ մենք հակազդեցության հստակ միջոցներ ենք ձեռնարկելու: Բայց, էլի եմ ասում, որեւէ մեկը չպետք է կասկած ունենա, որ Հայաստանի սահմանների անխախտելիության սկզբունքը պաշտպանված է հուսալիորեն»,- նշեց նա:

  --00—ՄՀ