20-ամյա երիտասարդը վարկ ձևակերպելու պատրվակով 21 բնակչից խաբեությամբ ստացել է 2,3 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Դեկտեմբերի 10-ին ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների միջոցառումներով, հանցագործություններ կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեցին երկու անձ՝ իրենց վարած մեքենայով հանդերձ։

Ոստիկանությունում պարզվեց, որ բերման ենթարկվածներից մեկը՝ Երեւանի 20-ամյա բնակիչ, այս տարվա ընթացքում մի շարք քաղաքացիներից խաբեությամբ գումար էր հափշտակել։

Ըստ նախնական տվյալների՝ երիտասարդը հանրապետության տարբեր բնակավայրերում, այդ թվում՝ Մեղրիում, վարկեր տրամադրելու վերաբերյալ հայտարարություններ էր փակցրել։ Քաղաքացիների զանգերին պատասխանելով՝ նա նշել էր, որ բանկերից մեկում ունի ծանոթ եւ նրա միջոցով կարող է վարկ ձեւակերպել։ Վարկի տրամադրումը կազմակերպելու համար երիտասարդը քաղաքացիներից պահանջել էր բջջային հավելվածի միջոցով իրեն գումար փոխանցել։ Քաղաքացիները փոխանցել էին գումարը, ինչից հետո երիտասարդն անհետացել էր։

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ այս տարվա օգոստոսից մինչ օրս 20-ամյա երիտասարդը Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Տավուշի, Արմավիրի մարզերի 21 բնակիչներից խաբեությամբ ստացել է ընդհանուր շուրջ՝ 2 384 000 դրամ։ Եվս մի քանի անձանցից ցանկացել էր խաբեությամբ գումար ստանալ, սակայն քաղաքացիները հրաժարվել էին փոխանցում կատարել։

Փաստերի առթիվ խարդախության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Բերման ենթարկված մյուս անձը այս տարվա դեկտեմբերի 4-ից, գողության եւ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով, գտնվում էր հետախուզման մեջ։ Բացի դրանից՝ վարորդական իրավունքի վկայականից զրկված լինելու պարագայում մեքենա էր վարել։ Այդ փաստով եւս հարուցվել է քրեական գործ։

Հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է։

Հարգելի՛ քաղաքացիներ, վարկային գործարքներ կատարեք միայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ, մի՛ ընդունեք վարկային կազմակերպությունների կամ բանկերի անուններից հանդես եկող անծանոթ անձանց գայթակղիչ եւ կասկածելի առաջարկները` նրանց պատրաստած ծուղակը չընկնելու եւ ֆինանսական ծանր կացության մեջ չհայտնվելու համար։

Իսկ եթե արդեն տուժել եք նման գործողություններից, դիմեք ոստիկանություն։

--00—ԼՄ