Նարեկ Սարդարյանը չի վերադարձել Հայաստան, թեև նրա անունը ցուցակում կար

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14,  24News

Նարեկ Սարդարյան

Ադրբեջանում գտնվող Ներքին Խնձորեսկի բնակիչ Նարեկ Սարդարյանը, ում անունը նախապես եղել էր գերիների փոխանակման ցուցակում, Հայաստան չի վերադարձել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, նշելով, որ դեռևս պատճառները հայտնի չեն։

Դեկտեմբերի 14-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի էր ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 անձ (համացանցում հայտնված ոչ պաշտոնական ցուցակում 45 անուն է՝ ներառյալ Սարդարյանինը), իսկ Հայաստանից Ադրբեջան է տեղափոխվել տարբեր տեղեկություններով 12-14 անձ։

2020 թ. հուլիսի 8-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածեցնելիս անհետ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը: ԱԱԾ-ն պարզել էր՝ Սարդարյանը կորած անասունները որոնելու հետևանքով մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է:

  --00—ՄՀ