Սահմաններն անտեր են մնացել, ո՞ւր էր մեր զորքը, երբ ադրբեջանցիները մտել էին բնակավայրեր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Սահմաններն անտեր են մնացել։ Այս վիճակում մեր թշնամին փորձում է հնարավորինս շատ բան պոկել, քանի որ բանակն իր տեղում չէ։ Ո՞ւր էին մեր զորքերը, երբ ադրբեջանցիները մտել էին Արցախի այդ չորս բնակավայրերը։ Այդտեղ պետք է լիներ մեր բանակը, ոչ թե խաղաղապահները։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է միջազգային հարաբերությունների փորձագետ, արևելագետ Վազգեն Պետրոսյանը։

«Ադրբեջանը մի քանի նպատակ է հետապնդում։ Առաջինը՝ պոկել այնքան, որքան կարող են, երկրորդը՝ փորձում են մեր սթափությունը՝ տեսնեն, թե ինչքան է։ Եթե ադրբեջանցին գալիս ու մտնում է, և մեր զորքը հակազդեցություն ցույց չի տալիս, նշանակում է՝ մեր սթափությունը զրոյական է։ Եթե ադրբեջանցի գերենալը գալիս է և սահամանի վրա սահմանազատում է անում՝ GPS-ը ձեռքն առած, իսկ ՀՀ-ում փոխվարչապետն ասում է՝ մենք հետ ենք վերադառնում 1928 թվականի սահմաններին, նշանակում է, որ մեր կառավարման համակարգը հիմարության մեջ  է, անգործունության է մատնված։ 

Տարածաշրջանում իրադրությունները նոր սկսվում են։ Մենք կանգնած ենք լայնամաշստաբ պատերազմի շեմին։ Ինչու՞։ Քանի որ տարածաշրջանում մեծ ուժերի՝ ԱՄՆ-ՌԴ փոխհարաբերությունը խախտվել է»,- ասել է նա։ 

Ըստ փորձագետի՝ ՌԴ-ն ստիպված էր զորք մտցնել Արցախ, որպեսզի տարածաշրջանում իր ազդեցությունը չկորցնի։ 

«Թուրքիան փորձելու է իր ազդեցությունն ավելի մեծացնել դեպի Կենտրոնական Ասիա, Հարավային Ռուսաստան և Հյուսիսային Իրան։ Այս երեք տեղում իր ազդեցությունը մեծացնելու համար նա օգտվելու է ամերիկյան թաքնված փափուկ ուժի հովանավորությունից և կստանա։ Մենք ուզենք, թե չուզենք մեր հողի վրա ականատես ենք լինելու պատերազմի»,- կարծում է Պետրոսյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ