Նոյեմբեր-դեկտեմբերին Երևանում 30 մեքենայից կողային հայելի գողացած խումբը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։25-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ գիշերը գողացել են Բուզանդի փողոցում կայանված իր մեքենայի կողային հայելիները։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները դեպքի վայրում արձանագրեցին տեղի ունեցածն ու անմիջապես ձեռնարկեցին անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներին զուգահեռ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները իրականացնում էին նաև գիշերային շրջիկ ծառայություն։ Դեկտեմբերի 11-ի ծառայության ընթացքում ոստիկանները բացահայտեցին Բուզանդի փողոցում կատարված գողությունը և ոչ միայն դա:

Բացահայտման աշխատանքների մասին մանրամասներ ներկայացրեց ոստիկանության Կենտրոնական բաժնի ավագ օպերլիազոր Գուրգեն Խաչատրյանը. «Գիշերային ծառայություն էինք իրականացնում մայրաքաղաքի կենտրոնում։ Ժամը 5-ի սահմաններում Փարպեցու և Թումանյան փողոցների խաչմերուկում տեսանք 3 երիտասարդի, որոնք հանում էին կայանված «Մերսեդեսի» հայելիները։ Նկատելով մեզ՝ փախան։ Հետապնդեցինք երիտասարդներին և Մաշտոցի պողոտա-Պուշկինի փողոց խաչմերուկում մեզ հաջողվեց բռնել նրանցից մեկին»։

Գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվեց մայրաքաղաքի 21-ամյա մի բնակիչ։ Գողոնը հայտնաբերվեց Թումանյան փողոցի դալաններից մեկի մոտ։ Իրավապահները նկատել էին, որ փախչողները հենց այդ վայրում գցել էին գողացված հայելիները։

Ամբողջացնելով բացահայտման աշխատանքները՝ քրեական հետախույզները ձեռնարկեցին միջոցառումներ՝ գողություններ կատարած մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Նույն օրը ոստիկանները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ նրանք ժամը 7-ի սահմաններում լինելու են Երվանդ Քոչարի փողոցում։

«Դարանակալեցինք Երվանդ Քոչարի փողոցում։ Որոշ ժամանակ անց մյուս կասկածյալները հայտնվեցին մեր տեսադաշտում։ Նրանց բռնեցինք և, գողություններ կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցինք ոստիկանության Կենտրոնական բաժին»,- նշեց ոստիկանության Կենտրոնական բաժնի ավագ օպերլիազոր Գուրգեն Խաչատրյանը։

Բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվեց դանակ, ինչի օգնությամբ էլ կատարում էին գողություններ։

Բերման ենթարկվածները խոստովանել են, որ այս տարվա նոյեմբերից դեկտեմբեր հանրապետության տարբեր քաղաքներում կատարել են մեքենաների կողային հայելիների մոտ 30 գողություն։

Կատարվում է քննություն։

--00—ԼՄ