Միգրացիոն ծառայության շտեմարանում գրանցված են ավելի քան 90 հազար տեղահանված արցախցու տվյալ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18,  24News 

արցախ

Դեկտեմբերի 18-ը Միգրանտների միջազգային օրն է: ՀՀ միգրացիոն ծառայությունն այս կապակցությամբ ներկայացրել է իրականացված աշխատանքների տարեկան ամփոփ նկարագրությունները՝ ըստ ոլորտների:

«Ամեն տարի այս օրը կազմակերպվում են միգրացիայի և միգրանտների վերաբերյալ տեղեկատվական արշավներ ամբողջ աշխարհում, որին միանում է նաև Հայաստանի միգրացիոն ծառայությունը:

2020 թվականը նախորդ տարիներից տարբերվեց միգրացիոն հոսքերի բացառիկ պասիվությամբ ամբողջ աշխարհում՝ պայմանավորված COVID-19 համաճարակի կանխարգելման միջոցառումներով:

Այդուհանդերձ, ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունը ինչպես բնականոն կերպով իրականացրել է իր գործառույթները ապաստանի դիմումների ընդունման, փախստականների ինտեգրման և վերադարձի ու վերաինտեգրման ուղղություններով, այնպես էլ կատարել է լրացուցիչ գործառույթներ՝ կապված ս.թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված և Հայաստան ժամանած անձանց տվյալների հավաքագրման ուղղությամբ»,- ասվում է Միգրացիոն ծառայության Ֆեյսբուքի գրառման մեջ:

Նշվում է, որ ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայությունը պատերազմի սանձազերծման առաջին իսկ օրից զբաղվել է Արցախից տեղահանված անձանց տվյալների հավաքագրմամբ և մշակմամբ, համապատասխան այլ գերատեսչություններին, ըստ աշխատանքային անհրաժեշտության, դրանց տրամադրմամբ:

Տվյալները հավաքվել են տնայցերի միջոցով՝ Երևանում քաղաքապետարանի Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության տարածքային աշխատակազմերի ներկայացուցիչների ուղեկցությամբ, մարզերում՝ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի ներկայացուցիչների միջոցով: Հավաքագրվող տվյալները ամենօրյա ռեժիմով մուտքագրվել են ՄԾ-ի կողմից մշակված ու ներդրված էլեկտրոնային տվյալների շտեմարան՝ կամավորական ու միջգերատեսչական մարդկային լայն ռեսուրսների ներգրավվածությամբ: Հավաքագրվող տվյալները ներառում են նաև կարիքների առաջնային գնահատում, ինչի հիման վրա իրականացվել է և շարունակում է իրականացվել սոցիալական աջակցության տրամադրում կարիքավոր ընտանիքներին:

Էլեկտրոնային շտեմարանում այս պահին գրանցված են ավելի քան 90 հազար անձի տվյալներ: Վերադարձի ցուցանիշները արտացոլված չեն շտեմարանում՝ Արցախի Հանրապետությունից վերադարձի հետ կապված տվյալների ստացման դժվարություններով պայմանավորված։ Այս ուղղությամբ ևս աշխատանքները շարունակվում են։

Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված և Հայաստան ժամանած անձինք չունեն «փախստականի» իրավական կարգավիճակ։ «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» Ժնևի կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 1-ին հոդվածի (Ե) կետով սահմանվում է, որ «Սույն Կոնվենցիայի դրույթները չեն կիրառվում այն անձի նկատմամբ, որն այն երկրի իրավասու մարմինների կողմից, որտեղ նա ունեցել է բնակության վայր, ճանաչվել է այդ երկրի քաղաքացիությունն ունենալու հետ կապված իրավունքներ ու պարտականություններ ունեցող»։

Նշված դրույթը պարզաբանող՝ ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի «Փախստականի կարգավիճակը սահմանող ընթացակարգերի և չափանիշների ձեռնարկ»-ի 144-145-րդ պարբերությունների համաձայն՝ «144. Այս դրույթը վերաբերում է այն անձանց, ովքեր կարող էին ընկնել փախստականի կարգավիճակ ստանալու սահմանման տակ, և ովքեր ընդունվել են տվյալ երկրի կողմից, որտեղ իրենց տրվել է այդ երկրի քաղաքացիներին վերապահված իրավունքների մեծ մասը, սակայն չի շնորհվել քաղաքացիություն: Երկիրը, որն ընդունել է նրանց, հաճախ այնպիսին է, որտեղ բնակչությունն ունի նույն ազգային (էթնիկ) ծագումը, ինչ փախստականներն իրենք»: Նշված կարգավորումները որևէ կերպ չեն անդրադառնում տեղահանված անձանց սոցիալական խոցելի կարգավիճակի վրա, քանի որ տեղահանված անձինք սոցիալական իմաստով դիտարկվում են որպես «փախստական կարգավիճակի նման իրավիճակում հայտնվածներ» (people in refugee like situations)։

 --00—ՄՀ