Մենք պետք է իրականացնենք մեր զոհերի պատգամը․ երդվենք, որ այդ պատգամը կկատարենք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Այս պատերազմը կարող էր չլինել: Դեկտեմբերի 19-ին հանրահավաքի ժամանակ այս մասին նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Կամ մեծ տգիտություն, կամ մեծ դավաճանություն էր պետք բոլոր բանակցությունները տապալելու, դաշնակիցներին գրգռելու համար»,- նշեց նա` հավելելով, որ այս պատերազմը կարող էինք հաղթել, չնայած կարելի էր նաև այն կանխել:

«Տխուր օր է այսօր, չկան վառվող աչքերը: Առաջին պատերազմի մասնակիցների ու զոհերից շատերի հետ ես մտերիմ էի, իրենք երազանք ունեին, որ կառուցվի ազատ, անկախ, հզոր, ազդեցիկ երկիր Հայաստան` Արցախի հետ միասին, որտեղ կյանքը լինի արդար բոլորի համար: Նույն մտքերով էին տոգորված այն տղաները, որ գնացին պատերազմ և զոհվեցին: Այս տարօրինակ պատերազմը ... ես ասում եմ «տարօրինակ», բայց շատերն արդարացիորեն անվանում են «ծախված»»,- ասաց նա:

Մանուկյանը նաև անդրադարձավ արդարացումներին, թե ղեկավարման 2.5 տարում անհնար էր լուծել եղած բազմաթիվ խնդիրներ:

«2.5 տարում մենք զրոյից սարքեցինք բանակ և խայտառակ պարտության մատնեցինք Ադրբեջանին: Այս նույն վիճակում Ադրբեջանն էր. նույնիսկ եթե պատրաստված չէինք, ծայրահեղ դեպքում կարելի էր շուտ կնքել այդ պայմանագիրը, մենք կունենայինք քիչ կորուստներ, և հազարավոր երիտասարդներ, որ հիմա Եռաբլուրում էին, կվերադառնային իրենց ընտանիքները: Դա չարվեց. ի՞նչ վիճակում մենք հայտնվեցինք՝ անիշխանության, անտերության»,- նշեց Մանուկյանը:

Վարչապետի թեկնածուն նկատեց` թեպետ այլևս պատերազմը չկա, բայց մենք շարունակում ենք տալ և տալ, և եթե այսպես շարունակվի, շուտով աշխարհի քաղաքական քարտեզից կամ կվերանա Հայաստանը, կամ կդառնա խղճուկ պետություն, որին ոչ ոք ուշադրություն չի դարձնի: Ըստ նրա` մենք հիմա գլորվում ենք այդ ճանապարհով:

Մանուկյանը հիշեց Չերչիլի օրինակը. վերջինս հատուկ նշում էր հայ ժողովրդի օրինակը, ասում` առաջին համաշխարհայինից հետո դեպքերի զարգացումները բերեցին նրան, որ այդ հինավուրց ժողովուրդը դուրս եկավ պատմական ասպարեզից:

«Բայց մենք 88-ի դեպքերով վերադարձանք այդ ասպարեզ: Մենք նորից ոտքի ենք կանգնելու, պաշտպանելու ենք մեր իրավունքները; Պետք է իրականացնենք մեր զոհերի պատգամը․ երդվենք, որ այդ պատգամը կկատարենք»,- ասաց նա:

--00--ԱԹ

--0--ԿԿ