Ալիևը կարող է փակագծեր բացել, Նիկոլը վախ ունի, նրանց միջև ուղիղ գործարքը չի բացառվում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

«Ես չեմ բացառում, որ եղել է Ալիև-Փաշինյան ուղիղ գործարք»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀԿ խորհրդի անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Ես էլ եմ միանում հարցադրմանը, թե ինչու նա որևէ կերպ չի արձագանքում կամ պատասխանում Ալիևի հնչեցրած մեղադրանքներին ու վիրավորանքներին։ Գուցե վախենո՞ւմ է որ Ալիևը կարող է ինչ-ինչ փակագծեր բացել։ Բայց անկախ նրանից Նիկոլը վախենում է, թե՝ ոչ, գալու է ժամանակը, և Ալիևը խոսելու է»,- ասել է Զաքարյանը:

Նրա խոսքով՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ բավականին դետալներ բացված չեն, և այն, ինչ այսօր է տեղի ունենում, որևէ կերպ չի առնչվում այդ հայտարարության հետ: «Որևէ պետության սահման հենց այնպես, միակողմանիորեն չի զիջվում, և այդ հայտարարության մեջ գրված չէ, որ անմիջապես պետք է անցնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատմանը։ Այդ հայտարարության մեջ գրված չէ, որ Արցախում ամեն մեկը իր հայեցողությամբ ինչ ուզի՝ անի»,- ասել է Արտակ Զաքարյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցին, և թեմային վերաբերող մի շարք կարևոր այլ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ