Անհապաղ հայտարարությամբ միացեք մեզ. Վազգեն Մանուկյանի կոչը բանակին ու ոստիկանությանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Սա ընտրություն չէ, որ ծրագրի պայքար գնա. մի կողմում դրված է հայրենիքի կործանումը, մյուսում` հայրենիքի վերականգնումը և առաջ գնալը: Այսօր, դիմելով հրապարակում հավաքվածներին, այս մասին նշեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Ինձ խնդրել էին` ներկայացնեմ, թե նոր կառավարությունը ստեղծելուց հետո ի՞նչ ծրագիր պետք է իրականացնի, ես պատրաստեցի, բայց երբ եկա այստեղ, զգացի`դրա ժամանակը կգա, այս պահին դա չէ կարևոր: Մինչ օրս ամաչում էի, որ չենք գցել այդ մարդուն, ամաչում էի ինքս ինձ համար, մեր ժողովրդի, մեր պետության համար, քանի որ ես այս պետության հիմնադիրներից մեկն եմ եղել, և ես պատասխանատվություն էի զգում, որ այսպիսի խայտառակ պարտություն կրեցինք, և հենց այդ գիշերը այդ մարդուն չգցեցինք դուրս»,- ասաց նա:

Մանուկյանը նշեց` նայում է հավաքվածների աչքերին, նորից տեսնում այն ժողովրդին, որ հպարտ նայում է դեպի ապագա: Նա հիշեցրեց` ժամանակին կային գող ավազակներ, հրեշտակներ, հերոսներ, բայց հասարակությունը միասնական էր:

«Մենք մեր մեջ մեր հարցերը կլուծենք, բայց այն, ինչ կատարվեց, սարսափելի է, որ մենք թույլ տվեցինք այդ բանը: Ամոթը անցավ, մենք ոչ միայն կվերականգնենք անցյալը, այլև այն կուղղենք, կկառուցենք այն պետությունը, որի մասին երազում էինք, ոչ թե այն, ինչ ստացանք: Մի մտածեք` ինչ-որ կառավարություն կառուցելու է Հայաստանը, այն կառուցելու է ժողովուրդը, այն ժողովուրդը, որ այստեղ կանգնած է»,- ասաց նա:

Մանուկյանը կոչով դիմեց հանրությանը` «քարը փեշներից գցել», նշեց` կարևոր չէ` ում են սիրում, ում չէ, հիմա մեր բոլորի ապագայի հարցն է լուծվում:

«Եկեք, հետո կպարզենք՝ ով է ճիշտ, ով սխալ, հիմա բոլորս միասին ենք, ինչպես պատերազմի ժամանակ: Հիմա նորից պատերազմ է, պատերազմ` մեր ապագայի համար: Բանակին կոչ եմ անում`անհապաղ հայտարարությամբ միացեք մեր ժողովրդին, կոչ եմ անում ոստիկանությանը` միացեք ժողովրդին»,- նշեց վարչապետի թեկնածուն:

--00--ԱԹ