«Իմ քայլն» իր միջից պետք է ընտրեր վարչապետ, որ քաղաքացիական պատերազմի շունչը չզգացվեր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Այն, ինչ այսօր տեղի է ունենում, բնական շարունակությունն է այն բանի, ինչ կատարվեց նոյեմբերի 10-ին։ Դեռ ավելին, ես կարծում էի, որ շատ գործընթացներ ավելի արագ ու որոշիչ պետք է լինեն։ Չէի սպասում նաև քաղաքական թիմի կողմից նման վերաբերմունք հայտարարության ստորագրումից հետո։ Պետք էր կրել պատասխանատվություն, ընդունել այս խայտառակ պարտությունը, պատժվել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։

Նրա կարծիքով, «Իմ քայլը» խմբակցությունից պետք է ընտրի վարչապետի ժամանակավոր թեկնածու, որը կկառավարի 6 կամ 9 ամիս, որից հետո կանցկացվեն ընտրություններ։ Սա առաջին հերթին կնպաստեր, որպեսզի չլիներ այս ագրեսիվ, գերլարված մթնոլորտը, քաղաքացիական պատերազմի շունչն օդում չզգացվեր։

«Ամեն դեպքում չեմ պատկերացնում, թե այսպիսի պարտությունից հետո ինչպես կարող է այդ պաշտոնյան մնալ և շարունակել բանակցությունները։ 30 տարվա իշխանություններին պատասխանատվությունից հեռացնել, ասել՝ նրանք սուրբ են, մաքուր, կլինի թերի, բայց վերլուծելով վերջին 2,5 տարվա քայլերը՝ հարց է առաջանում՝ լավ, 30 տարում չենք պատրաստվել, բայց ի՞նչն էր երկուսուկես տարում թշնամուն այսպես հրահրելու պատճառը»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ