Գարնանը կսկսվի հյուսիս-հարավի Թալին-Գյումրի հատվածի ասֆալտապատումը

 ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30,  24News 

հյուսիս-հարավ

Հյուսիս-հարավ ճանապարհաշինարարական ծրագրի Տրանշ 2-ի՝ Աշտարակ-Թալին հատվածի վերակառուցման համար եկող տարվա սկզբին մրցույթ կհայտարարվի։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ 

«Մրցույթ կունենանք, եկող տարվա սկզբին: Գործընթացի ձգձգումը պայմանավորված էր համավարակով, որովհետև վարկային միջոցների օգտագործումը միայն մեր ցանկությամբ չէ: Պետք է աշխատեն բոլոր հատվածները՝ բանկերը, միջազգային կազմակերպությունները, հաշվի առնելով նաև այն, որ կապալառուներն են արտասահմանյան ընկերություններ: Ես կարող եմ նշել ներքին ռեսուրսների օգտագործման մասին. խոսքը ֆինանսական մեր ներքին միջոցների մասին է. օրինակ ընթացիկ տարվա համար, հիմնանորոգման ուղղությամբ հատկացված է եղել 21.6 մլրդ դրամ, մենք այս տարի կատարել ենք 32 մլրդ դրամի աշխատանք: Այսինքն՝ մենք գերազանցել ենք բյուջեով սահմանվածը, կարողացել ենք ֆինանսական միջոցներ գտնել, վերաբաշխել և կարողացել ենք անել ավելի, քան նախատեսել էինք: Սրան զուգահեռ պետք է նշեմ, որ եթե կատարողական նման ակտիվություն ունենք ներքին ռեսուրսի մասով, ապա նույնը չենք կարող ասել վարկային միջոցների դեպքում, տվյալ պարագայում նախատեսված գումարները չենք կարողացել ծախսել կապալառուների, աշխարհում կատարվող դեպքերի, վերջում արդեն պատերազմի պատճառով»:

Պապիկյանը հավելել է, որ ինչ վերաբերում է Թալին-Գյումրի հատվածին, ապա այս տարի համավարակով պայմանավորված խնդիր է եղել․

«Չինական ընկերության՝ Չինաստանից Հայաստան գալու խնդիրներն էին, ամեն դեպքում մեզ հաջողվեց սեպտեմբերին մեր գործընկերներին հրավիրել: Այնտեղ սեպտեմբերից լայն թափով աշխատանքներն ընթանում են: Հողային աշխատանքները կատարվել են, գարնանը կսկսվի ասֆալտապատումը»: 

 --00—ՄՀ