Բանակցային 23-ամյա գործընթացում հայկական կողմի միակ հաջողությունը ժամանակն էր. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 4,  24News

Փաշինյան

Հանձնվե՞լ, թե՞ չհանձնվել: Արցախում 44-օրյա պատերազմի պատճառների մասին իր հոդվածում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնում է նաև այս հարցին: 

«Վարչապետի պաշտոնում ԼՂ հարցի շուրջ բանակցային գործընթացի էությանն ու նրբություններին ծանոթանալը ինձ հանգեցրեց մի մտքի. բանակցային գործընթացը 1994 թվականի մայիսի 12-ի զինադադարի կետից նահանջի մի մեծ գործընթաց է: Տխուր է արձանագրել, բայց բանակցային ողջ գործընթացում հայկական կողմը ոչ մի հաջողություն չի ունեցել, դա անհաջողությունների մի երկար պատմություն է: Այդ պատմությունը ունի մի քանի նշանային կետեր. առաջինը 1996 թվականի Լիսաբոնի գագաթաժողովն է, որտեղ արձանագրվեց մեր միայնությունը աշխարհում, հաջորդը Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների դուրսմղումը բանակցային գործընթացից, որը ԼՂ հարցը աստիճանաբար տեղավորեց Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի տրամաբանության մեջ, հաջորդը բանակցային այնպիսի տրամաբանության հաստատումը, որով 7 տարածքների հանձնումը Ադրբեջանին համարվում էր բանակցային գործընթացի առաջնային նպատակ, հաջորդը Ադրբեջանի հրաժարումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկումից, հաջորդը ռուսական առաջարկները, որոնց առանցքային պրոբլեմը Արցախի կարգավիճակի դուրս մղումն է բանակցային օրակարգից:

Բանակցային 23-ամյա գործընթացում հայկական կողմի միակ հաջողությունը ժամանակն էր, որն, իհարկե, էական հաջողություն կլիներ, եթե այդ ժամանակը հնարավոր լիներ աշխատեցնել մեր օգտին: Բայց 2016 թվականի ապրիլյան պատերազմով, երբ արձանագրվեց, որ Հայոց բանակը հաղթանակից 22 տարի անց կռվում է 80-ականների զենքերով, ժամանակ ձգելու դարաշրջանը նույնպես ավարտվեց: Ոչ այս փաստի բերումով, իհարկե, այլ այն հանգամանքով պայմանավորված, որ միջազգային սաստկացող կոնյունկտուրայի պայմաններում Ռուսաստանն արդեն հոգնել էր մեղադրանքներից, թե իրականում նա ոչ թե հարցի կարգավորման, այլ ձգձգման կողմնակից է:

Նման պայմաններում մեր առաջ պարզ ընտրություն էր դրված՝ տեղավորվել վերը նկարագրված տրամաբանության մեջ եւ անցնել տարածքների հանձնման գործընթացին, որոնք պայմանականորեն անվանվում էին «առարկայական բանակցություններ» կամ փորձել փոխել բանակցային տրամաբանությունը:

Հենց այս խնդրի լուծմանն էին ուղղված մեր գործողությունները 2018 թվականից ի վեր եւ գործընթացը գագաթնակետին հասավ 2019 թվականի մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում, որտեղ հանդես եկա Արցախի իշխանությունների հետ համաձայնեցված ծրագրային ելույթով:

Այդ ելույթի թեզերը հետեւյալն էին. բանակցային գործընթացում Արցախի ներկայացուցիչների մասնակցության հարցը պետք է լինի մեր օրակարգում, Մադրիդյան սկզբունքները պետք է ունենան միասնական մեկնաբանություն, որովհետեւ Ադրբեջանն այն յուրովի է մեկնաբանում, Հայաստանը յուրովի, ինչը գործընթացը դարձնում է անարդյունավետ, եւ հետո՝ հասարակություններին պետք է պատրաստել խաղաղության եւ Ղարաբաղի հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Առաջարկվող օրակարգը, սակայն, ամենեւին էլ բանակցային պրոցեսը շարունակելու նախապայման չէին, այլ այն արդյունավետ դարձնելու՝ մեր պատկերացումների շարադրանք:

Այս բոլոր կետերն ունեին սկզբունքային նշանակություն: Արցախի դուրսմղումը բանակցային գործընթացից եւ բանակցությունները Հայաստան-Ադրբեջան հարթություն տեղափոխելը սպառնալիք էր ստեղծում առաջին հերթին Հայաստանի համար, որովհետեւ հենց այս հանգամանքն օգտագործելով էր Ադրբեջանը Հայաստանին օկուպանտի պիտակ կպցնում: Եւ հետո՝ նման ֆորմատը ինքնին նենգափոխում էր Ղարաբաղի հարցի էությունը, այն տեղավորելով Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի տրամաբանության մեջ:

90-ականների երկրորդ կեսին սա Հայաստանի ամենամեծ եւ աղետալի դիվանագիտական վրիպումն էր, որն ի դեպ, կարելի էր եւ թույլ չտալ: Այն ժամանակ, այո, Հայաստանը կարող էր հրաժարվել առանց Ղարաբաղի բանակցելուց, որովհետեւ Ադրբեջանը պատրաստ չէր պատերազմի, դուրս չէր եկել պարտության շոկից եւ նույնիսկ բանակցային գործընթացի կասեցումը չէր կարող էական սպառնալիքներ ստեղծել Հայաստանի եւ Արցախի համար: Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին բանակցություններից դուրս թողնելով մենք չէինք էլ գիտակցում, որ փոքրացնում ենք Արցախի ինքնորոշման հնարավորությունները, որովհետեւ «օկուպացված տարածքի» ինքնորոշումը ո՞րն է, նման բան ի բնե լինել չի կարող:

Նաեւ այս էր պատճառը, որ 2000-ականների առաջին կեսի բանակցային կուլմինացիան դարձավ «տարածքների փոխանակման» կոնցեպտը, ասենք՝ Մեղրին Ղարաբաղի դիմաց...

Պակաս կարեւոր չէր նաեւ Մադրիդյան սկզբունքների պարզաբանման հարցը: Ճիշտ է, կազանյան մերժումով, Ադրբեջանը վիժեցրել էր Մադրիդյան սկզբունքները, բայց ֆորմալ առումով դրանք դեռեւս գոյություն ունեին եւ Ադրբեջանը մեկնաբանում էր, թե Մադրիդյան սկզբունքները նշանակում են, թե Արցախի հայությունը կարող է ինքնորոշվել միայն Ադրբեջանի կազմում: Հայաստանը հակառակն էր պնդում, ինչը նշանակում էր, որ Մադրիդյան սկզբունքները ոչ թե հարցի կարգավորման բանաձեւ են, այլ անհասկանալի ինչ-որ բան:

Եւ հաջորդը՝ հանրային դիսկուրսի առումով հանդես եկա բավականին կառուցողական բանաձեւով, հրապարակային պնդելով, որ ԼՂ հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար: Այս ամենի նպատակը ԼՂ հարցի բանակցային գործընթացը դուրս բերելն էր տարածքներ հանձնելու պրիմիտիվ տրամաբանությունից: Եւ հենց այստեղ էր ձախողումը, որովհետեւ պարզվեց՝ 2016-ին շարժված գնացքը կանգնեցնել հնարավոր չէ: Հիմա շատերն են ասում, թե այդ գնացքը հնարավոր էր կանգնեցնել ռուսամետ քայլերով եւ ռուսամետ քաղաքականությամբ, իբր մեր կառավարությունը ուղիղ հակառակն է արել: Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է, եւ այսպես խոսողները չեն նկատում այնպիսի շրջադարձային քայլեր, ինչպիսին Սիրիա ականազերծողներ եւ բժիշկներ գործուղելու ՀՀ կառավարության՝ 2019 թվականին կայացրած որոշումը»,- գրել է նա:

--00--ԱԹ