Գրավի դիմաց ազատ արձակվելու Ջուլիան Ասանժի դիմումը մերժվել է

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 6,  24News 

Ասանժ

Գրավի դիմաց ազատ արձակվելու Ջուլիան Ասանժի դիմումը մերժում է ստացել Լոնդոնի դատարանում: Դատավորը հայտարարել է, որ ազատ արձակման դեպքում Ասանժը կարող է խուսափել դատավարությունից, երբ Միացյալ Նահանգները Մեծ Բրիտանիայից պահանջում է նրա արտահանձնումը: Այս մասին գրել է  «Ամերիկայի ձայնը»:

WikiLeiks-ի հիմնադիր Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն ու բանտում է անցկացրել անցած ավելի քան ութ տարիները:

Երկուշաբթի օրը նրա պաշտպանական թիմին հաջողվել էր դադարեցնել ԱՄՆ-ին արտահանձնելու փորձերը, որտեղ նրան սպառնում է լրտեսության վերաբերյալ հարուցված 18, ինչպես նաեւ պետական համակարգիչների դեմ հաքերային հարձակում իրականացնելու մեղադրանք:

Արտահանձնումը կասեցնելու Լոնդոնի դատարանի վճռից դժգոհ` ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ շարունակելու է պահանջել Ասանժի արտահանձնումը եւ դիմելու է դատարանի վճիռը բեկանելու խնդրանքով:

Ջուլիան Ասանժի գործունեությամբ գոհ մարդիկ նրան համարում են հերոս, որը բացահայտել է ԱՄՆ-ի կողմից իշխանության չարաշահման դեպքեր: Քննադատները սակայն Ասանժին համարում են վտանգավոր կերպար, որը վնասել է Արեւմուտքի անվտանգությունը եւ պնդում, որ նրա գործունեությունը չի եղել հիմնված լրագրողական պահանջների վրա:

Հիշեցնենք, որ WikiLeaks-ը հրապարակել էր ԱՄՆ-ի դիվանագիտական աղբյուրներից ստացված գաղտնի հարյուր հազարավոր տեղեկություններ, մասնավորապես` աշխարհի մի շարք առաջնորդների, այդ թվում Ռուսասատանի նախագահ Պուտինի ու Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի նկատմամբ ԱՄՆ-ի գնահատականները:

 --00—ՄՀ