Դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը Արցախի Մոր և Մանկան առողջության կենտրոնում ծնվել է 19 երեխա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

երեխա

Արցախի Հանրապետության առողջապահական համակարգը ամանորյա ոչ աշխատանքային օրերին աշխատել է առավել ուժեղացված ռեժիմով: ԱՀ Առողջապահության նախարարի համապատասխան հրամանի հիման վրա բուժհիմնարկներում կազմվել է հերթապահությունների ժամանակացույց, ուժեղացվել է հսկողությունը հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող հիվանդների նկատմամբ, ինչպես նաեւ կազմակերպվել է այլ քաղաքային բուժման անհրաժեշտություն ունեցող հիվանդների տեղափոխումը:

Նշված օրերին ԱՀ առողջապահության նախարարության կողմից սահմանվել է վերին շնչառական ուղիների սուր վարակների (ՎՇՈւՍՎ) եւ COVD-19-ի նկատմամբ համաճարակաբանական հսկողություն եւ լաբորատոր հսկողություն:

Տոնական օրերին Հանրապետությունում ապահովվել է շտապ բժշկական օգնության 314 կանչ, որից 248-ը Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանի կողմից, 66-ը՝շրջաններում:

Արցախի Հանրապետության բուժկանխարգելիչ հիմնարկներում ամբուլատոր դիմելիությունը կազմել է 334 դեպք, որից մինչեւ 18 տարեկաններ` 224 դեպք: Ստացիոնար բաժանմունքներ են ընդունվել 31 անձ, որից մինչեւ 18 տարեկան`16-ը:

Համաձայն ԱՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնից ստացված տեղեկության՝ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունք է դիմել 46, անհետաձգելի բուժօգնության բաժանմունք՝ 276 քաղաքացի, որոնցից ստացիոնար բաժանմունք են ընդունվել 120-ը: Կենտրոնում կատարվել է 17 անհետաձգելի վիրահատություն:

Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում կատարվել է 9 վիրահատություն, որից 8-ը` կեսարյան հատում, 1-ը` գինեկոլոգիական անհետաձգելի միջամտություն: «Արեւիկ» բուժմիավորումում կատարվել է 1 վիրահատություն:

Դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Մոր եւ Մանկան առողջության պահպանման կենտրոնում ծնվել է 19 երեխա, որից 10-ը՝ իգական, 9-ը արական սեռի են:

--00--ԱՀ