Իշխանության ներկայացուցիչներն ի վիճակի չեն իրենց պարտված հոգեվիճակով ներկայացնել ՀՀ շահերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 11, 24News

քաղաքական

Հայաստանի այսօրվա իշխանության ներկայացուցիչներն ի վիճակի չեն իրենց պարտված հոգեվիճակով ներկայացնել Հայաստանի Հանրապետության շահերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն այսպես է մեկնաբանել՝ «Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում, ինչը նշանակում է ինչպես Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն դեպի Ռուսաստան և Իրանի Իսլամական Հանրապետություն, այնպես էլ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն՝ դեպի Նախիջևան:»:
Նման մասշտաբի ապաշրջափակմանը պետք է նախորդեն առնվազն հետևյալ գործընթացները՝

1. Գերիների և պատանդների հայրենադարձում, ինչպես նաև զոհվածների մարմինների վերադարձ.

2. Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության (խաղաղության) պայմանագրի կնքում, որտեղ կողմերը պետք է համաձայնության գան նաև՝

- Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցով.

- Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարցերով.

3. Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում.

4. Հայաստանի և Արցախի քաղաքացիների անվտանգության երաշխավորում, ինչպես նաև Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հայատյացության քարոզի բացառում:

Առանց այս չորս կետերում նշված գործընթացների հաջող իրագործման, տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը սպառնում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը:

Հ.Գ. Հայաստանի այսօրվա իշխանության ներկայացուցիչներն ի վիճակի չեն իրենց պարտված հոգեվիճակով ներկայացնել Հայաստանի Հանրապետության շահերը»,- գրել է Զոհրաբյանը:

--0--ԿԿ