Ներքին Գետաշեն համայնքում բացվել է հալոթերապիայի կենտրոն

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 12,  24News 

․

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում առաջիկայում կգործի հալոթերապիայի կենտրոն, որտեղ աղային բուժման մեթոդով իրենց առողջությունը վերականգնելու հնարավորություն կունենան և՛ մեծահասակները, և՛ երեխաները: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: 

«Այսօր տեղում ծանոթացա կենտրոնի գործարկման նախապատրաստական աշխատանքներին։ Կենտրոնը իր բովանդակության մեջ առայժմ առաջինն ու միակն է Գեղարքունիքի մարզում:

Աղային թերապիայի ընդունման համար առանձնացված են մեծահասակների և փոքրահասակների սենյակները:

Կենտրոնում գործելու են նաև արոմատոթերապիայի և օքսիգենոթերապիայի սենյակները, որոնցում բուժում կիրականացվի տարբեր եթերային յուղերի և թթվածնային կոկտեյլի միջոցով:

Մասնագետի վերապատրաստումից հետո կգործի նաեւ մերսման ծառայությունը, որը կարող է զուգակցվել աղային թերապիայի ընդունման հետ:

Հալոթերապիայի ընդունումն աշխարհում փորձված և արդյունավետ մեթոդ է՝ աղային բացասական իոններով ամենատարբեր հիվանդություններ բուժելու համար: Այն լավագույն միջոցներից մեկն է՝ մարդկանց իմունիտետը բարձրացնելու համար:

Այս մեթոդով կարող են բուժվել վերին շնչուղիների, ֆրոնտիտների, ռինիտների, տարբեր բնույթի ալերգիաների, անքնության, մաշկային բորբոքումների հետ կապված հիվանդությունները, հետինսուլտային և հետինֆարկտային իրավիճակները, պսորիազները և այլ կարգի հիվանդություններ:

Այստեղ կարող են դիմել նաև առողջ մարդիկ՝ իրենց իմունիտետը բարձրացնելու և սպասվող հիվանդությունները կանխարգելելու համար: Բուժման կուրսը որոշվում ու նշանակվում է մասնագիտական հետազոտության արդյունքում:

Մատուցվող ծառայությունների վճարը կսահմանվի այնպես, որ այն մի կողմից մատչելի լինի բնակչությանը, մյուս կողմից էլ` ցածր լինի մայրաքաղաքում մատուցվող նման կարգի ծառայությունների գների համեմատ:

Մեծահասակների համար մատուցվող թերապիայի տևողությունը 40 րոպե է, իսկ փոքրերի համար՝ 30 րոպե։

Կարևորելով կենտրոնի հիմնադրման նախաձեռնությունը՝ հույս հայտնեցի, որ այն կծառայի բնակչության առողջության պահպանման ու բարելավման գործին, մարզի առողջապահական համակարգի զարգացմանը:

Մեր մարզում ներդրվում է բուժման նոր մեթոդ, որն իր տեսակի մեջ առայժմ ոչ միայն միակն է, այլ նաև պահանջված ու կարևոր է:

Կարծում եմ, որ կենտրոնը կաշխատի արդյունավետ, բնակչությանը կմատուցի բարձրորակ ծառայություն, կունենա զարգացման լուրջ հեռանկարներ ու ճանաչում՝ ապահովելով նաև կայուն աշխատատեղեր:

Մեր հնարավորությունների սահմաններում մենք կաջակցենք նման նախաձեռնություններին։ Հալոթերապիայի նորաբաց կենտրոնը գործել կսկսի առաջիկա օրերի ընթացքում»,- գրել է մարզպետը:

--00--ԱՀ