Հայտնի է Bayraktar TB2-ի համար բրիտանական սարքերի մատակարարման դադարեցման պատճառը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 14,  24News  

Բայրաքթար

Բրիտանական «Andair» ընկերությունը դադարեցրել է արցախյան պատերազմում լայնորեն կիրառված թուրքական Bayraktar TB2 հարվածային անօդաչուների համար սարքերի մատակարարումները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ընկերությունը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:

Ընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ ավելի վաղ նրանց դիմել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանատունը՝ մատակարարումները դադարեցնելու կոչով: Ընկերությունը հետաքննություն է անցկացրել, որից հետո որոշում է կայացրել՝ թուրքական ընկերության բոլոր պատվերները չեղարկելու մասին։

«Andair»-ը վառելիքի պոմպեր էր մատակարարում թուրքական ԱԹՍ-ների համար:

Военное обозрение-ն, հղում անելով արևմտյան մամուլին, տեղեկացնում է՝ սարքերի մատակարարման դադարեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիան Ադրբեջանին բրիտանական բաղադրիչներով անօդաչուներ էր վաճառում` ԼՂ պատերազմում կիրառելու համար:

Հայկական տեղեկատվական աղբյուրները հայտնում են, որ բրիտանական ընկերությունը դիմել է Լոնդոնում ՀՀ դեսպանություն` խնդրելով հստակեցնել. արդյո՞ք ԼՂ-ում պատերազմական գործողությունների ընթացքում ոչնչացված Բայրաքթարները բրիտանական մակնշմամբ բաղադրիչներ ունեցել են: Հայկական կողմը հաստատել է այդպիսի բաղադրիչների առկայությունը:

--00--ԱԹ