Պատրաստ եմ համագործակցելու այն անհատների հետ, ովքեր պատրաստակամ են օգնել տեղեկատվությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 14, 24News

Անի Սամսոնյան

Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի քաղաքացիներ և գործընկերներ, դեռևս 2020 թվականին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախաձեռնեցին Կառավարության՝ համավարակի դեմ պայքարին ուղղված գործողությունները ուսումնասիրելու նախաձեռնություն։

Անցած տարի գործընթացը չշարունակվեց մեզ պատուհասած պատերազմի պատճառով։ Պատերազմի հետևանքների վերացումը մեզ կանգնեցրել է բազմաթիվ մարտահրավերների առջև, որոնք առանձին ուսումնասիրության և քննության առարկա են, որի համար մենք առաջարկել ենք ստեղծել փաստահավաք հանձնաժողով։

Բայց միաժամանակ, հետևողական լինելով մեր նախաձեռնությունները կյանքի կոչելու հարցում, մենք պարտավոր ենք նաև ուսումնասիրել Կորոնավիրուսի կանխարգելման և բուժման հանգամանքները՝ հետագայում բնակչության առողջության պաշտպանության համար ավելի արդյունավետ գործելու նպատակով։

Ըստ այդմ՝ տեղեկացնում եմ, որ ս.թ. հունվարի 12-ին ԱԺ նախագահի կարգադրությամբ հաստատվել է իրավունքի ուժով ստեղծված՝ Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համավարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը։

Հանձնաժողովը գլխավորելու է Լուսավոր հայաստան խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը, իսկ հանձնաժողովի երկրորդ անդամը մեր քաղաքական ուժից կլինեմ ես։

Պատրաստ եմ համագործակցելու բոլոր այն անհատների հետ, ովքեր պատրաստակամություն կունենան օգնել մեզ տեղեկատվությամբ և իրենց մասնագիտական ու փորձագիտական կարողություններով։

Կարծում եմ գիտեք ինչպես ինձ հետ կապ հաստատել»:

--00--ԱՀ