Կորոնավիրուսի հետևանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը հաստատվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

նկար

ԱԺ նախագահի կարգադրությամբ հաստատվել է համավարակի դեմ պայքարին ուղղված գործողությունները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը, և այն շուտով սկսելու է իր գործունեությունը։ Այդ մասին հայտնում է քննիչ հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը: 

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ տեղեկացնել, որ ս. թ. հունվարի 12-ին ԱԺ նախագահի կարգադրությամբ հաստատվել է իրավունքի ուժով ստեղծված՝ Նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համավարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հետևյալ անհատական կազմը՝

Արկադի Խաչատրյան (նախագահ), Հերիքնազ Տիգրանյան, Ալեն Սիմոնյան, Սուրեն Գրիգորյան, Ծովինար Վարդանյան, Հայկ Կոնջորյան, Հրաչյա Հակոբյան, Արտակ Մանուկյան, Արուսյակ Ջուլհակյան, Անի Սամսոնյան, Նաիրա Զոհրաբյան, Միքայել Մելքումյան (անդամներ):

Հաշվի առնելով Քննիչ հանձնաժողովի լիազորությունների մեջ մտնող հարցերի նկատմամբ հանրության առկա հետաքրքրությունը և թեմայի պահպանվող արդիականությունը, ես ուզում եմ հույս հայտնել, որ համատեղ, հանրության հետ համագործակցային արդյունավետ աշխատանքի միջոցով հանձնաժողովին կհաջողվի հանրությանը ներկայացնել համավարակի դեմ պայքարի արդյունավետության հնարավորինս օբյեկտիվ և բազմակողմանի պատկերը՝ արձանագրված խնդիրներով, հաջողություններով և թերացումներով, ինչպես նաև հանրությանը հուզող հարցերի պատասխանները:

Առաջիկա օրերին կհայտարարվի Քննիչ հանձնաժողովի առաջին նիստի օրվա և ժամի մասին:

Հաջողություն եմ մաղթում Քննիչ հանձնաժողովին:

Առողջ եղեք»:

Հիշեցնենք, որ դեռևս 2020 թվականին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել էին կառավարության՝ համավարակի դեմ պայքարին ուղղված գործողությունները ուսումնասիրելու քննիչ հանձնաժողովի ստեղծում։

--00—ԼՄ