Մի համագյուղացու տնից գողացել է ոսկի խաչ, մյուսից՝ դրամապանակ, բջջային գողանալիս բռնվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

գող

Ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էին բնակարանային գողությունների վերաբերյալ օպերատիվ տվյալներ, որոնք իրացվեցին հունվարի 12-ին և 13-ին:

Քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների ծառայողները համատեղ միջոցառումներով հունվարի 12-ին բաժին բերեցին Ղազարավան գյուղի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդի: Բացատրական աշխատանքի շնորհիվ և փաստերի ճնշման տակ նա խոստովանեց, որ դեկտեմբերի վերջերին գաղտնի մտել էր համագյուղացու տուն և հափշտակել ոսկյա խաչ, որը գրավադրել էր:

Պարզվել է նաև, որ նույն ամսին մեկ այլ համագյուղացու տնից գողացել էր դրամապանակ՝ 60 հազար դրամով, իսկ դեռևս անցած ամռանը գողություն էր արել նաև իրենց փողոցում կայանված մի մեքենայից։ Տուժած քաղաքացիներից, որոնք մինչ այս չէին դիմել ոստիկանություն, ընդունվել են հաղորդումներ:

Նույն բաժանմունքների աշխատակիցների համատեղ ձեռնարկումներն արդյունք տվեցին նաև հունվարի 13-ին: Խոսքը կրկին գողության մասին է, որի վերաբերյալ կրկին հաղորդում կամ ահազանգ չէր եղել:

Ոստիկանության Աշտարակի բաժին բերման ենթարկվեց 36-ամյա մի կին, որը ապացույցների առկայության պայմաններում խոստովանեց, որ հունվարի 3-ին, ցերեկվա ժամը մեկի սահմաններում, հրել-բացել էր Կարբի գյուղի մի բնակչուհու տան պատուհանի փեղկը, մտել ու հափշտակել էր երկու բջջային հեռախոս, վարսահարդարիչ և հագուստ: Այս դեպքով գողոնի մեծ մասը հայտնաբերվել է։ Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

--00—ԼՄ