Դատապարտելի է Վազգեն Մանուկյանի կողմից Գյումրիում վիրավորական ձևակերպումներ օգտագործելը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 16, 24News

հասարակական

Դատապարտելի է  ՀՀ վարչապետի թեկնածու համարվող Վազգեն Մանուկյանի կողմից Գյումրիում վիրավորական ձևակերպումներ օգտագործելը քաղաքացիներին ուղղված իր խոսքում: Առավել ևս բացարձակ է անընդունելի նրա կողմից իր խոսքի վիրավորական արտահայտությունը վերահաստատելը լրագրողի հետ զրույցում, այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Անթույլատրելի են բոլոր այն դեպքերը, երբ հանրային գործիչներն իրենց խոսքում օգտագործում են քաղաքացիներին ուղղված վիրավորական բառեր ու արտահայտություններ:

Մեր երկրում հանրային համերաշխությունը երաշխավորելու համար ինչպես հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, այնպես էլ հանրային գործիչները պետք է զերծ մնան իրենց հրապարակային խոսքում մարդկանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ օգտագործելուց։ Յուրաքանչյուր խոսք ասելիս կամ արտահայտություն անելիս պետք է պարտադիր նկատի ունենալ այդ խոսքի կամ արտահայտության բոլոր հնարավոր ենթատեքստերն ու փոխաբերական իմաստները: Վարչապետի թեկնածու համարվող անձի նկատմամբ, բնականաբար, պահանջներն ավելի բարձր են:

Պետք է առհասարակ բացառել վիրավորանքով միմյանց մասին խոսելը, պետք է հարգանքով վերաբերվել միմյանց կարծիքի նկատմամբ՝ յուրաքանչյուրս մեր խոսքում պահպանելով այս կանոնները», -նշել է ՄԻՊ-ը։

Հիշեցնենք՝  մինչ Գյումրի հասնելը Ազատան համայնքի տարածքում մի խումբ շիրակցիներ փակել էին Գյումրի-Երևան մայրուղին, որպեսզի արգելեին «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին մտնել Գյումրի: 

«Իմ քայլը» իրենց փող էր բաժանել, իրենք էլ խոսում էին, բոմժեր էին, որոնց փող էր բաժանվել, ուրիշ ոչինչ», - ասել էր Վազգեն Մանուկյանը։

--0--ԿԿ