Մեր մեջքը պետք է ուժեղ լինի, որ կարողանանք պայքարել Թուրքիայի դեմ. Արթուր Աբրահամ

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 17 24News   

Արթուր Աբրահամ

Հայ ազգը երբեք ծնկի չի եկել ու չի գա ոչ սպորտում, ոչ քաղաքականության մեջ եւ ոչ էլ պատերազմի դաշտում: Այս ամենը ժամանակավոր է. ես վստահ եմ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը:

Արցախյան երկրորդ պատերազմի օրերին Արթուր Աբրահամն ակտիվ մասնակցում էր Գերմանիայի հայ համայնքի բողոքի ցույցերին,  միջազգային հանրությանը կոչ անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ Գերմանիայում բնակվող աշխարհի նախկին չեմպիոնն օրերս այցելել էր Եռաբլուր:

Արթուր, ի՞նչ հույզերով լքեցիր Եռաբլուրը:

Ինձ թվում է, որ ամեն հայի պարտքն է՝ այցելել Եռաբլուր, խոնարհվել պատերազմում նահատակված հերոսների առաջ: Սա մեծ բան չէ, ուղղակի յուրաքանչյուրիս պարտքն է: Ամեն հայ զինվորի կորուստ բոլորիս կորուստն է: Որքան էլ ուժեղ ուզում ես եղիր, երբ մտնում ես Եռաբլուր, անկախ քեզանից աչքերիցդ արցունքները գնում են. անհնար է այդ տեսարանին դիմանալ: Աշխարհի ամենավատ տեսարանն է ու ամենախորը ցավը: Աշխարհում դրանից այն կողմ ցավ չկա, երբ ծնողն իր զավակին է կորցնում:

44 օր տեւած պատերազմի օրերն ինչպե՞ս ապրեցիր, ինչպե՞ս անցար:

Պատերազմի օրերին Բեռլինում էի եւ ամբողջ օրը ընտանիքով, ընկերներով հետեւում էինք լրահոսին, տեղեկություններին: Հայերով Գերմանիայում Հայաստանի դեսպանատան հետ միասին ցույցեր էինք անում կանցլեր Անգելա Մերկելի նստավայրի մոտ, Բրանդենբուրգի պատի մոտ: Մի քանի մեծ ցույցեր արեցինք, որի միջոցով փորձում էինք կանգնեցնել պատերազմը, բայց դրանք քաղաքական հարցեր են եւ լուծումը տրվում է քաղաքական ձեւով:

Այդ օրերին հպարտացա հայ ազգի միասնականությամբ: Հետաքրքիր եւ նախադեպը չունեցող իրադարձություն եղավ՝ աշխարհի հայերը շատ կարճ ժամանակահատվածում համախմբվեցին: Նկատեցի, որ աշխարհի բոլոր ծայրերից՝ ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ասիայից, Աֆրիկայից օգնություն էր գալիս բանակին, Արցախին: Յուրաքանչյուր հայ իր հնարավորությունների չափով օգնություն էր ուղարկում: Ես էլ իմ կողմից 5 մլն դրամ փոխանցեցի Համահայկական Հիմնադրամին: Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իսպանիայի ընկերներով հավաքվեցինք, գնեցինք 15 շտապօգնության մեքենա եւ ուղարկեցինք Արցախ՝ յուրաքանչյուրս մեկ մեքենա: Գերմանիայի հայերով մի քանի զոհված զինվորիների ընտանիքներին 1-ական մլն դրամ նվիրաբերեցինք:

Ապրումները ծանր են բոլորիս համար. ինչքան մահ տեսանք: Իմ հարազատների, ընկերներրի ընտանիքներում եղան կորուստներ: Շատ ցավ ապրեցինք պատերազմի օրերին:

Պատերազմն ի՞նչ տվեց ու ի՞նչ խլեց քեզանից:

Տվեց միայն ցավ, խլեց հարազատներ, մարդիկ, խլեց հայ երիտասարդների, որոնք պետք է ընտանիք ստեղծեին, երեխաներ ունենային ու հիմա դա պակասեց: Պատերազմը հող խլեց մեզանից, ինձանից:

Երբ տեղեկացար եռակողմ համաձայնագիր ստորագրելու եւ պարտությամբ պատերազմն ավարտելու մասին, ինչպե՞ս ընդունեցիր: Սպասու՞մ էիր նման ելքով ավարտ:

Խոր ցավով ու տխրությամբ ընդունեցի լուրը: 3 միլիոն մարդն ինչպե՞ս կարող է պայքարել 88 միլիոնի դեմ: Հայաստանը չի կարող միայնակ պայքարել Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ: Անհնար է:

Ճիշտ է՝ իրավունք չունեմ քաղաքականությունից խոսել, բայց իմ կարծիքով, եթե մենք Ռուսաստանի հետ չլինենք, մեր վիճակը շատ վատ կլինի: Որ օրը Թուրքիան ուզենա, կհարձակվի մեր վրա: Անհնար է պաշտպանվել, քանի որ շատ քիչ ենք: Պետք է Ռուսաստանի կողքին լինենք, խնդրենք մեզ օգնի, որ որեւէ մեկը բան չասի: Բոլոր ժամանակներում մուսուլմանական երկրները մեզ նեղել են, ճնշել ու փորձում են նորից ճնշել: Եթե Ռուսաստանը մեր կողքին լինի, մեզ ոչինչ չի լինի:

Սպորտում այդպես է՝ եթե քո մեջքին ուժեղ մենեջեր, պրոմոութեր չի լինում, դժվար թե հաղթես: Գուցե մեկ-երկու հաղթանակ ունենաս, բայց որքան էլ ինքդ ուժեղ լինես, ամեն անգամ չես հաղթի: Մեջքդ պետք է պինդ լինի: Այս նույն իրավիճակը նաեւ քաղաքականությունում է: Մեր մեջքը պետք է ուժեղ լինի, որ Թուրքիայի դեմ կարողանանք պայքարել: Ադրբեջանը 8 մլն է, Թուրքիան 80 մլն. անհնար է նրանց դեմ պայքարել միայնակ:

Ես քաղաքական գործիչ չեմ, ուղղակի կարծիք եմ հայտնում որպես Հայաստանի քաղաքացի. իմ կարծիքով՝ մենք պետք է Ռուսաստանի հետ եղբայրական հարաբերություններ ձեռք բերենք, որ ուժեղ լինենք:

Հաճախ եմ զբոսնում Երեւանում: Պատերազմից հետո ամեն ինչ փոխվել է, մարդիկ փոխվել են, ուրախություն չկա: Ժամանակն էլ չի կարող շատ բան փոխել: Այն մարդը, որը երեխա է կորցրել, հետ չի գա, չի վերականգնվի:

Յուրաքանչյուրս էլ ուզում ենք, որ մեր ազգը լավ լինի, խաղաղ ապրի: Մենք լավ ժողովուրդ ենք, ու դա երեւաց պատերազմի օրերին մեր միասնականությամբ:

Ես համոզված եմ, որ մենք պետք է ունենանք լավ ապագա: Հերիք է՝ որքան տանջվել ենք: Ժամանակն է, որ լավ ապրենք: Հուսով եմ՝ մեր հայրենիքը կծաղկի, կբարգավաճի: Բոլորս ուզում ենք մեր ազգին ուրախ տեսնել, այլեւս վատ օր չունենանք, զարգացած տեսնենք, որ ամեն տեղ հպարտանանք:

Քո կոչը, խոսքը, հորդորը հայ ազգին:

Ուզում եմ, որ բոլորս լինենք միմյանց հանդեպ հարգանքով, սիրով: Հայը պետք է լինի պայքարող ու չընկճվող: Հայ ազգը երբեք ծնկի չի եկել ու չի էլ գա. դա մեր արյան մեջ է: Այդպես էլ լինելու է թե սպորտում, թե քաղաքականության մեջ եւ պատերազմի դաշտում: Այս ամենը ժամանակավոր է. ես վստահ եմ:

  --00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս