Փաստաբանները պահանջում են վարչական դատարանից պարտավորեցնել ՊՆ-ին՝ չզիջել տարածքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News

հասարակական

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, փաստաբաններ Սիմոն Բաբայանը և Մանե Կարապետյանը հայցադիմում են ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ Պաշտպանության նախարարության՝ պահանջելով պարտավորեցնել քայլեր չձեռնարկել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դիմող կողմը վարչական դատարանում փորձում է քննարկման առարկա դարձնել փաստացի զբաղեցրած դիրքերից ՀՀ զինված ուժերի նահանջելու գործողությունները ու պահանջել դատարանից պարտավորեցնել ՀՀ ՊՆ-ին՝ ի դեմս նախարարի ու ԶՈՒ ԳՇ պետի՝ առանց միջազգային ճանաչված պատշաճ գործընթացների /ներառյալ՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի/ապահովելուն և Հայաստանի Հանրապետության Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմաններին կից Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից 28.12.2020 թվականի դրությամբ փաստացի զբաղեցրած դիրքերը և տարածքները չզիջել։

Հայցադիմումը դատարան մուտք է եղել 2020թ դեկտեմբերի 29-ին և նույն օրը մակագրվել է դատավոր Անի Հարությունյանին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն ակտի ստորագրումից անցել է շուրջ 1.5 ամիս, բայց հայկական կողմը դեռևս շարունակում է Ադրբեջանին զիջել տարածքներ՝ առանց որեւէ կրակոցի ու իրավական հիմքի, ՀՀ զինված ուժերը պարզապես զիջում են բարձունքներում զբաղեցրած դիրքերը, որի հետեւանքով բնակչության համար բավական խոցելի վիճակ է ստեղծվել հատկապես Սյունիքում։ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ թե սահմաններում դիրքերի փոփոխությունը տեղի է ունենում «բանավոր» ըմբռնման հիման վրա։ Թե ում միջեւ եւ երբ է ձեռք բերվել այդ ըմբռնումը «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ կառավարությունից հայտնել են,թե «այս պահին պետական սահմանի երկայնքով մարտական հերթապահություն իրականացնելու նպատակով զինված ուժերի կամ սահմանապահ զորքերի տեղակայումը բացառապես պաշտպանական և անվտանգային բնույթի միջոցառում է, որը անմիջականորեն կամ միջնորդավորված բանակցվում է զինված ուժերի ներկայացուցիչների միջև՝ զինված ուժերի կողմից օգտագործվող տեղագրական քարտեզների վրա»։ Ավելին՝ նշել, թե սահմաններում ներկայումս դիրքերի փոփոխությունը «կարող մեկնաբանվել որպես սահմանագծման և սահմանազատման շուրջ վերջնական համաձայնություն, կամ գոյություն ունեցած վարչական սահմանների մեխանիկական հաստատում»։

Իսկ, թե առանց վերջնական համաձայնության ինչու են ՀՀ զինված ուժերը հեռանում զբաղեցրած դիրքերից ու թույլ տալիս, որ հակառակորդն առաջանա՝ ՀՀ կառավարությունը չի մեկնաբանել։

--0--ԿԿ