Վանեցյան. Հանրության մոտ կա կոնսենսուս, որ այս իշխանությունը պետք է հեռանա. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 19, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմությունն Ամանորից հետո սկսել է կամաց ուշքի գալ, Երեւանում մի քանի միջոցառումներից ու երթերից հետո ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, սկսել են այցելություններ մարզեր, որոնք առաջին հայացքից քարոզարշավի են նման։

Ընդդիմադիրների առաջին կանգառը Գյումրին էր, որտեղ նրանց դիմավորում էր իշխանությունների կազմակերպած «դժգոհների» խումբը՝ «Դավաճան», «Նիկոլ՝ վարչապետ» վանկարկումներով։ Գյումրիին հաջորդեց Վանաձորը, երեկ էլ ընդդիմությունը Կապան էր մեկնել։ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին խնդրեցինք ժողովրդի հետ հանդիպումների մասին իր տպավորությունները ներկայացնել։ Նա ասաց․

«Ժողովուրդը ոգեւորությամբ է ընդունում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների այցը մարզեր, ունենում ենք բաց զրույց, պատասխանում ենք ժողովրդին հուզող բոլոր հարցերին, եւ նկատելի է, որ մարդիկ ստանում են այն հարցերի պատասխանները, որոնք չունեն, կամ իրենց մոտ ինչ-ինչ պատճառներով տարակուսանք է առաջացրել ստեղծված իրավիճակը, եւ ավելի ու ավելի են համոզվում Հայրենիքի փրկության շարժման կողմից առաջ մղվող գաղափարների ճշմարտացիության մեջ ու պատրաստակամություն են հայտնում աջակցել շարժմանը։»:

-Մարդկանց մե՞ծ քանակ է մասնակցում ձեր հանդիպումներին:

-Կոնկրետ Վանաձորում շուրջ 1000 մարդ է մասնակցել, դահլիճում եղել է մոտ 700 մարդ, որովհետև նստատեղերից բացի, կանգնած էին մարդիկ, դրսում սպասում էին մեր հայրենակիցները, որոնց համար ֆիզի­կապես հնարավորություն չեղավ ներս մտնել: Նույնը վերաբերում է Գյումրիին: Հստակ երևում է, որ մեր ժողովուրդն ունի հետաքրքրություն դեպի «Հայրենի­քի փրկության» շարժումը:

-Ի՞նչ հարցեր են ուղղում ձեզ՝ շարժման անդամներին:

-Նախ, մարդկանց հետաքրքրում է ապագան, մենք խոսում ենք ապագա­յի մասին: Նիկոլ Փաշինյանին որպես գործոն մենք այլևս չենք դիտարկում, Նիկոլ Փաշինյանը պարտված ղեկավար է, պարտության սիմվոլ է, և նա օր առաջ պետք է հեռանա, դա ընկալելի և ընդունելի է հասարա­կության գրեթե 100 տոկոսի համար: Մարդկանց շատ է հետաքրքրում, թե ինչ է լինելու Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո, և մենք փորձում ենք պատասխանել այդ հարցե­րին, տալ սպառիչ պատասխաններ, ներկայացնում ենք մեր ծրագրերը և, իհարկե, չենք մոռանում, որ օրա­կարգում առաջինը Փաշինյանի հե­ռացման հարցն է:

-Դուք հիմա բավականին դրա­կան եք ներկայացնում հանդի­պումներըբայց օրեր առաջ մի խումբ գյումրեցիներ ձեզ չէին թողնում մտնել քաղաք:

-Դա հստակ, ուղղորդված մի խումբ մարդկանց կազմակերպած ակցիան էր, դա համաժողովրդական տրամադրությունները չի արտա­հայտել, եղել են 20-25 հոգի մարդիկ, որոնց վերաբերյալ մամուլում եղան հրապարակումներ, թե ովքեր են նրանք, ինչ պատճառներով են դուրս եկել և փորձել խոչընդոտել «Հայրենիքի փրկության» շարժման մասնակիցների այցը Գյումրի: Թե իշխանություննե­րից ովքեր էին կազմակերպել այդ ակցիան: Արհեստական կազմա­կերպված ակցիաները որևէ կերպ չեն կարող անդրադառնալ մեր ժողովրդի իրական տրամադրությունների վրա: Իրականում հանրության գրեթե 100 տոկոսի մոտ կա կոնսենսուս, որ այս իշխանությունները պետք է օր առաջ հեռանան: Այդ ուղղությամբ տարված աշխատանքները, իրականացվող քայլերը ժողովրդի զգալի մեծամասնության կողմից ողջունվում են:

-Այցելելու եք բոլո՞ր մարզեր:

-Այո, մարզեր պետք է գնանք, բոլոր տեղերում հանդիպենք մեր ժողովրդի հետ: Հաշվի առնելով եղա­նակային պայմանները՝ մարդիկ չեն կարողանում մարզերից օբյեկտիվ պատճառներով գալ Երևան: Ուստի պետք է մենք այցելենք և ներկա­յացնենք մեր ծրագրերը:

ՀԳ. Ընդդիմության վարչապետի թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը ևս անդրադարձել է իրենց հանդիպումներին. «Ամեն մեկն ինչ-որ ելք է փնտրում: Ես կասեի, որ ժողովուրդը մտորումների մեջ է՝ ապագայի վերաբերյալ: Հանդիպումների ժամանակ ես չեմ տեսել մարդկանց, որ մերված լինեն այս վիճակի հետ, որովհետև այժմ խոսքը Հայաստանի գոյության մասին է: Բոլորը դժգոհ են նախկինում եղածից, մարդիկ կան՝ շատ զայրացած, բայց հիմա մտորումներ են գնում ապագայի մասին: Ես չեմ տեսնում, որ հույս կապեն ներկա իշխանության հետ, որ որևէ դրական ապագա կարող են իրենց խոստանալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում