«Դեռ չի հաջողվել հաշիվ տալ նրանց, ովքեր ասացին՝ սպանե՛լ». Դինքի սպանությունից 14 տարի անց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

1

Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նվիրված «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 14-րդ տարելիցին:

«Մենք մեծ ջանք գործադրեցինք, բայց մեզ դեռ չի հաջողվել հաշիվ տալ նրանց, ովքեր ասացին՝ «ՍՊԱՆԵ՛Լ»:

Խավարը, որ խլեց քեզ մեզնից, շարունակում է հանցագործություն գործել:

Մենք դեռ շարունակում ենք պայքարել ձեր երազանքներն իրականություն դարձնելու համար...»,-գրել է Փայլանը և հավելել թուրքերենով հեշթեգ՝ #BuradasınAhparig, որը թարգմանաբար նշանակում է «դու մեզ հետ ես, ախպերի՛կ»:

Հիշեցնենք, որ 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում՝ «Ակօս» թերթի խմբագրության շենքի դիմաց սպանվեց թերթի խմբագիր, հայազգի Հրանտ Դինքը: Թուրքիայում նա մշտապես բացահայտ խոսել է 1915 թվականի հայերի ցեղասպանության մասին՝ որպես փաստ, մշտապես հանդես է եկել հայ և թուրք ժողովուրդների երկխոսության կոչերով՝ նշելով, որ դա կհանգեցնի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը: Հրանտ Դինքը քննադատել է թուրքական կառավարության գործողությունները էթնիկ փոքրամասնությունների ճնշման և մարդու իրավունքների ոտնահարման համար:

Սպանությունից առաջ Հրանտ Դինքը դատապարտվել էր Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով, որը պատիժ է սահմանում «թուրք ազգին վիրավորելու համար»: Նրա սպանությունից հետո Թուրքիայի ողջ տարածքում տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր: Սպանությունը խորապես քննադատել են նաև միջազգային հանրությունը և օտարերկրյա պետությունների ղեկավարները:

--00—ԼՄ