Արցախում դիմորդները կհանձնեն 2 միասնական քննություն. նախարարություն

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 19 24News  

դիմորդ

Հայաստանի Հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման համար հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ 2020-2021 ուսումնական տարվա բուհերի ընդունելության համար սահմանվել էր մրցութային մեկ քննություն, որի նպատակն էր հնարավորինս նվազեցնել ընդունելության քննությունները և դրանց հանձնման պարբերականությունը:

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունից հայտնում են, որ նախնական պայմանավորվածության համաձայն՝ այս ուսումնական տարում ընդունելության համար նույնպես պետք է սահմանվեր մրցութային մեկ քննություն, սակայն 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության մրցույթի ավարտից հետո շատ քաղաքացիներ դժգոհություն են հայտնել առ այն, որ մեկ քննությունը լիարժեք չի ստուգում դիմորդի գիտելիքները և դիմորդների համար ավելի նախընտրելի է մրցույթին մասնակցել երկու առարկայի գումարային գնահատականով:

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հետ Արցախի Հանրապետության նույն կրթական դաշտում գտնվելու հանգամանքը՝  2021-2022 ուսումնական տարում ԱՀ և ՀՀ  բուհեր ընդունվելու համար դիմորդները կհանձնեն առավելագույնը 2 միասնական քննություն։

ԱՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների  առկա և հեռակա ուսուցման 2021-2022 ուսումնական տարվա  մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը ԱՀ  կառավարության կողմից հաստատվելուց հետո կհրապարակվի», - նշված է հաղորդագրության մեջ:

--00—ՄՀ