ՊՆ-ն հերքում է լուրը, թե Վաղարշակ Հարությունյանը առաջարկով հանդիպել է Դեմիրճյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

1

Վերջին շրջանում կտրուկ ավելացել են ՀՀ պաշտպանության նախարարությանը վերաբերող ապատեղեկատվությունները։ Այդ մասին ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել:

Ըստ հաղորդագրության՝ տելեգրամ-ալիքներից մեկը օրերս տեղեկատվություն էր տարածել, թե պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ և համոզել վերջինիս՝ հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Նույնկերպ՝ իրականության հետ որեւէ աղերս չունի մեկ այլ հրապարակում, թե իբր ՀՀ պաշտպանության նորանշանակ փոխնախարար Սուրեն Սահակյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի ազգականն է։

Պաշտպանության նախարարությունը եւս մեկ անգամ հորդորում է ձեռնպահ մնալ պաշտպանական համակարգին առնչվող չստուգված, առավել եւս՝ ակնհայտ կեղծ տեղեկատվություն տարածելուց։

--00—ԼՄ