Մեր ժողովրդի քաղաքական ճակատագրով զբաղվելու պարտականություն ունենք մենք․ ԱԸՃ

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 19,  24News

նկար

Ազգային ընկերվարական ճակատը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․ 

«Ակնհայտ է, որ ՀՀ-ն եւ հայ ժողովուրդը պարտվել են։ Այդ պարտության ուղին բռնել ենք այն պահից, երբ որդեգրեցինք ոչ իրատեսական, չափի զգացում չճանաչող, զգայական, տգետ արժեքներ եւ գաղափարներ բանական, իրատեսական եւ պետականանպաստ գաղափարների փոխարեն։ Ձախողել է ոչ թե հայ պետականությունը, այլ հայ ժողովուրդը, որն այդպես էլ ազգ չդարձավ եւ չցանկացավ դառնալ։ Իսկ չդարձավ, որովհետեւ նրա ծույլ ոգուն առավել հարմար էր ինքնաբավարարվել ազգային կեղծ առավելություններով, հնացեղությամբ, հայուգենականությամբ, հայդատականությամբ եւ այլ ներշնչված դատարկաբանություններով։ Ապրելու եւ գոյատեւելու ռացիոնալ քաղաքականության փոխարեն ուղի ընտրեցինք իռացիոնալ՝ «ուզելու» քաղաքականությունը, ուզելու եւ նպատակին հասնելու համար ոչինչ չանելու քաղաքականությունը՝ քաղաքական իմպոտենցիան։

Հայ իրականությունը, դժբախտաբար, ապաքաղաքական է թե՛ հայրենիքում, թե՛ հայրենիքից դուրս։ Հայ քաղաքականության միտքը զարգացում չի ապրել սկսած հոմոէրեկտուսի ժամանակներից։ Հայ «քաղաքական դաշտը», ողողված լինելով ապաշնորհ գործիչներով, արգելք է հանդիսանում ազգային, քաղաքական մտքի ձեւավորման եւ զարգացման համար, դրանց առաջխաղացման մղելու ունակ անձանց համար։ 
Ընդունելով մի շարք փաստեր, հաշվի նստելով ներկայիս հայ իրականության հետ՝  մենք մեզ չենք համարում միակներ եւ փրկիչներ, այլ համատարած զոոլոգիական ազգասիրությունից եւ հիվանդագին ուռապատրիոտիզմից դուրս իրական ճանապարհներ որոնողներ. Ժողովուրդներն իրենք են պայքարում իրենց ճակատագրի համար, առաջնորդները միայն օգնականներ են։ Մենք եկել ենք ազգային քաղաքականությունը քաղաքականացնելու։ Մենք եկել ենք գաղափարներ գեներացնելու, այն ինչին կոչված էին կուսակցությունները, որոնց մեծամասնությունը, սակայն, հայ հողի վրա դարձան անպտուղ։
Մեր ժողովրդի քաղաքական ճակատագրով զբաղվելու պարտականություն ունենք մենք եւ ահա պայքարում ենք մի մեծ ճակատագրի համար, որին արժանի է մեր ժողովուրդը անկախ իր ունեցած հինավուրցությունից կամ նորավուրցությունից, ծագումից, եկվոր-չեկվորից, հնդեւրոպացի, արիացի, թե ասիացի կամ աֆրիկացի լինել-չլինելուց։
Ազգային ընկերվարական ճակատն (National Socialist Front) իր էությամբ եւ աշխարհահայացքով ազգային, ընկերվարական(սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական) միություն է։
Ճակատն իր առաջ տեսնում է ազգային ազատության, անհատի ազատության, կայուն եւ ապահով պետականության, սոցիալական ծանր կացության, կրթական ցածր մակարդակի, անհատի ունեցվածքի նկատմաբ ոտնձգությունների, անապահով կենսագործունեության, հանցավոր գործունեության ծավալման, բնապահպանության, պետական, իշխանական համակարգի նկատմամբ անվստահության, բանակի արդիականացման խնդիրներ, որոնք ենթակա են լուծման։

Ազգը մարդկային ընկերության զարգացման ամենակենսունակ միջավայրերից է, ուր անհատը ձեռք է բերում հոգեմտավոր բարգավաճման լայն հնարավորություն, լիակատար հաղորդակցության եւ սեփական կարողությունների զարգացման առավելագույն հնարավորություն:
Ամեն ազգի անբաժանելի մասնիկ է սեփական բնօրրանը։
Հայրենի տարածքի վրա յուրաքանչյուր ազգի գոյատեւման երաշխիք է անկախ, ինքնիշխան, իրավական պետականությունը, որը մարմնավորում է ազգի քաղաքական կամքը, պաշտպանում նրա շահերը եւ ապահովում նրա անվտանգությունն ու ինքնուրույն զարգացումը։
Մեզ համար ազգը հոգեւոր, պատմական, մշակույթային, լեզվական, սոցիալ-տնտեսական ամբողջություն է, մնայուն արժեք։

Գտնելով, որ գոյություն չունի բնական ազատություն, այլ բանական ազատություն, մարդ անհատն ինքն է գիտակցաբար սահմանում ազատություն հասկացողությունը, որը ոչ միայն իրավունքների տրցակ է, այլեւ պատասխանատվություն եւ պարտավորություններ։
Մարդկային պատմության ընթացքում մարդկության կողմից գրանցվելով բազմաթիվ նվաճումներ՝ մարդը դեռւես չի ցանկանում դուրս գալ իր կենդանական գոյից եւ քայլել գիտակից անհատականության, մարդկային կատարյալ էակի ճանապարհով, ինչը հանգեցնում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են մարդու կողմից մարդու եւ նրա աշխատանքի անխնա շահագործումը, դրամատիրությունը, կայսերապաշտությունը, ամբողջատիրությունը, գաղութատիրությունը յուր նոր դրսեւորմամբ՝ տնտեսական գաղութացմամբ, ռազմապաշտությունը, անձակենտրոնությունը, մարդու եւ մարդկային խմբերի մանիպուլացիան եւ այլք, որոնք բազմաթիվ են։
Այժմ մարդը մարդու համար գիշատիչ է, ընթանում է սոցիալական դարվինիզմ։
Շրջանառվում են դասակարգային ատելության կոչեր, սեւ-սպիտակի բաժանումներ, բռնության կոչեր ու դրանք իրականանում են փոքր ու մեծ մասշտաբներով բոլոր դասակարգերի կողմից։

Մենք մեր առաջ խնդիր չունենք հարուստների հարստությունը, եթե այն ձեռք է բերված արդար ճանապարհով եւ ոչ մարդկային կյանքերի վրայով, այլ խնդիր ունենք աղքատությունը, որ օր օրի ավելի է սրանում սխալ տնտեսվարության ու բազմաթիվ կառույցների կողմից անտրամաբանական ու անմարդկային դրամաշորթումների պատճառով։
Տնտեսապես եւ տեխնիկապես առավել հզոր պետությունները ոչ միայն շահագործում են առավել թույլ ու անպաշտպան ազգերին, այլեւ որպէս էժան հումք են բանեցնում այդ ազգերի ներկայացուցիչներին, միեւնույն ժամանակ ասիմիլացման ճանապարհով լուծում սեփական երկրների ժողովրդագրական խնդիրները։ Իսկ համաշխարհայնացումը(գլոբալիզացիան) առավել է նպաստում առկա խնդիրների տարածմանը՝ ստեղծելով կեղծ զարգացման իմիտացիա։
Ոչ միայն պետության ներսում, այլեւ դրանից դուրս գտնվող կառույցներն ու ուժերը, որոնք կրում են վերազգային, վերպետական բնույթ, շարունակում են կեղեքել ազգերին ու պետություններին՝ հրահրելով ու ներդրումներ կատարելով ազգամիջյան բախումներում ՝ նոր եկամուտներ ստանալու համար, չճանաչելով ոչ մի սահման, զրոյացնելով մարդկային կյանքի արժողությունը, որպես գործիք ծառայեցնելով մի խումբը՝ մեկ այլ խումբ ճնշելու նպատակով։
Մերժելի է ցանկացած ազգի կողմից մեկ այլ ազգի ճնշումն ու դրա փորձը, շահագործումը, ցանկացած ոտնձգություն։
Միեւնույն ժամանակ արդար ենք համարում հանուն պաշտպանության զենք բարձրացրած ազգի կռիվը, որը ցանկանում է ազատվել կեղեքիչներից. համարում ենք այդ դրսեւորումը նրա բանական իրավունքը եւ հոգեւոր պարտքը։
Յուրաքանչյուր ազգ իր յուրովի մշակույթով հարստացնում է համամարդկային, համամոլարակային մշակույթը եւ գրավում իր տեղը։
Մեր սոցիալական նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որ մարդը պաշտպանված լինի ռասայական, կրոնական, դավանաբանական, ազգային, քաղաքական, սեռական, կուսակցական եւ ամեն տեսակ ճնշումներից եւ բռնաճնշումներից, երաշխավորված լինի նրա բանական եւ ֆիզիկական գործունեությունը։
Հայկական պետականության հարստությունները՝ մշակույթը, հողն իր ընդերքով, բնությունը եւ բնական պաշարները եւ դրանցից ստացված եւ պեղված իրերն ու երեւույթները պատկանում են պետության քաղաքացիներին. դրանց ապահովության երաշխավոր պետք է հանդիսանա պետությունը։ Դրանք ունեն ռազմավարական, տնտեսական եւ պատմամշակույթային նշանակություն։
Պետության քաղաքացիները պետք է լիակատար տերը լինեն եւ տեր զգան իրենց պետության նկատմամբ։ Կիսելով տիրոջ իրավունքներն ու պարտականություւնները՝  նրանք պետք է մասնակիցը լինեն եւ տերը լինեն սեփական կյանքի կերտմանը։ 
Մեր սոցիալիստական ուղղվածությունը խրախուսում է սեփականության բազմաձեւությունը, հարգում անհատի սեփականության իրավունքը, եթե դրանք կազմակերպված չեն ոչ մենաշնորհային եւ օլիգարխիկ հիմքերի վրա, թույլ չեն տալիս անհատի շահագործում եւ չեն ծավալում ստվերային գործունեություն։

Մենք թշնամի չենք համարում եւ ոչ էլ հայտարարում որեւէ դասակարգի, որեւէ խմբի եւ առանձնյակի, մեր թշնամին մարդկային տգիտությունն է, առավելապես նրան ենք պարտական մեր դժբախտություններից եթէ ոչ բոլորի, ապա մեծ մասի համար։
Մեր պայքարը ընդդեմ տգիտության է, որ, սնելով մարդկային ագահությունը, ընչաքաղցությունը, նախանձը եւ կենդանական զգացումները, արարում է թվարկվածները։

Մենք գիտակցում ենք մեր ընտրած ուղու բարդությունը եւ գտնում, որ խավարի դեմ ամենօրյա բողոքների փոխարեն պարտավոր ենք վառել մեր բաժին լույսը։

*Ճակատը բաց է գաղափարակից անհատների եւ կառույցներ հետ համագործակցության համար»։

--00—ՄՀ