Դատարանը քաղաքագետին պարտավորեցրել է հրապարակավ հերքել Յուրի Խաչատուրովի մասին իր ասածները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

ստեփան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին պարտավորեցրել է 1 ամսվա ընթացքում հերքել 2018 թ. հուլիսի 30-ին «Ա1+»-ին տված իր հարցազրույցում ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ հնչեցրած արտահայտությունները։ Այս մասին 24news-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից։ 

Վճիռը հրապարակել է դատավոր Տաթևիկ Ստեփանյանը հունվարի 14-ին: Դատարանը նաև վճռել է Ստեփան Գրիգորյանից հօգուտ Յուրի Խաչատուրովի բռնագանձել 4000 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, և 300000 դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

«Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին:

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 1 ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում»,-նշվում է դատարանի հրապարակած վճռում։

Հիշեցնենք, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը պնդում էր, որ 2018 թվականի մայիսի 30-ին «Ա1+» հեռուստաընկերության տված հարցազրույցի ժամանակ հնչեցրած իր գնահատականներով, քաղաքագետը արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը: Ստեփան Գրիգորյանի հայտարարությունները վերաբերում են 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմին և այդ ընթացքում Խաչատուրովի գործողություններին: Հայցորդը քաղաքագետից պահանջում էր 2 միլիոն դրամ բարոյական վնասի, դատական ծախսերի փոխհատուցում և հայտարարությունների հրապարակային հերքում:

Յուրի Խաչատուրովը 10.08.2018 թ. հայցադիմում էր ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Ստեփան Գրիգորյանի պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջի մասին: Դատարանի՝ 16.08.2018 թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել էր:
21.08.2018 թ. Յուրի Խաչատուրովը հայցադիմումը կրկին ներկայացրել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Այն ներկայացվել էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված պահանջների պահպանմամբ, և ըստ նույն օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածների՝ հայցադիմումի ընդունումը մերժելու կամ հայցադիմումը վերադարձնելու հիմքեր չկան:

Սոնա Գևորգյան

--00—ԼՄ