«Այո՛, ստացել եմ առաջարկ». Շիրակը նոր մարզպետ կունենա, մասնագիտությամբ՝ վիրաբույժ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 20,  24News 

․

Առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը շուտով կնշանակվի Շիրակի մարզպետ: Մարզպետ Տիգրան Պետրոսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել նախորդ շաբաթվա վերջին: Հավանաբար վաղը Կառավարության նիստում կհրապարակվի նրա ազատման որոշումը:

Չի բացառվում, որ նույն նիստում կհայտարարվի, որ մարզպետի պաշտոնում նշանակվում է Հովհաննես Հարությունյանը: Վերջինս ՀԺ-ի հետ զրույցում ասել է. «Այո՛, ստացել եմ առաջարկ»:

Մեր հարցին, թե ի՞նչ պատասխան է տվել, նախկին փոխնախարարը պատասխանեց. «Իմ կողմից որոշումը դրական է, մնացածն արդեն Կառավարության որոշելիքն է: Որոշումը կկայացվի, կհրապարակվի»:

33-ամյա գյումրեցի նախկին փոխնախարարը մասնագիտությամբ վիրաբույժ է:

2004 թվականին ավարտել է Գյումրու թիվ 1 կրթահամալիրը և, որպես բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտ, ընդունվել Մոսկվայի Ի. Մ. Սեչենովի անվան բժշկական ակադեմիա:

2006 թվականին վերադառնալով Հայաստան՝ կրթությունը շարունակել է Երևանի Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում:

2010-ին ընդունվել է Ռուսաստանի բժշկական հետբուհական կրթության ակադեմիա և ստացել բժիշկ-վիրաբույժի բարձրագույն մասնագիտական կրթություն:

Հովհաննես Հարությունյանը մի քանի տարի բժիշկ-վիրաբույժի մասնագիտական գործունեություն է ծավալել Մոսկվայի ՆԳԳՎ կլինակական հոսպիտալում, այնուհետև՝ այլ մասնավոր կլինիկաներում:

Մասնագիտական վերապատրատում անցնելով Մոսկվայի բժիշկների կատարելագործման ինստիտուտում «Առողջապահության կազմակերպում և հանրային առողջություն» մասնագիտությամբ՝ 2016 թվականին վերադարձել է Հայաստան և ղեկավարել Շիրակի մարզի «Բեռլին պոլիկլինիկան»:

2017-ին մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Բիզնեսի կառավարման ռազմավարություն» դասընթացին և ստացել համապատասխան որակավորում:

2018 թվականին նշանակվել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի տեղակալ՝ պոլիկլինիկական ծառայության գծով:

2019 թվականի փետրվարից զբաղեցրել է առողջապահության նախարարի խորհրդականի պաշտոնը, այնուհետեւ եղել է նաեւ փոխնախարար: Այդ պաշտոնից ազատվել է 2019 թվականի հոկտեմբերի 15-ին:

--00--ԱՀ