Գողության դեպքեր՝ Երևանում. ոստիկանները պարզել են, որ հեղինակը նույն 22-ամյա երիտասարդն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

Նախորդ տարվա նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 22-ը Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում գողության, կողոպուտի դեպքեր էին կատարվել, որոնք առաջին հայացքից թվում էր որևէ ընդհանրություն չունեն, բայց քննությամբ պետք է այլ բան պարզվեր։

Գողության վերաբերյալ առաջին հաղորդումը գրանցվել էր դեկտեմբերի 1-ին՝ ոստիկանության Կենտրոնական բաժնում: Ըստ տուժողի հայտարարության՝ երկու օր առաջ Պուշկինի փողոցի ռեստորանում գողացել էին իր բջջային հեռախոսը։

Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկվում, երբ դեկտեմբերի 8-ին և 9-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում կողոպուտի ու գողության նոր ահազանգեր ստացվեցին: Չարենցի փողոցում մի կնոջ էին կողոպտել` հափշտակելով դրամապանակը, որի մեջ փող, անձնագիր և բանալիներ կային։ Հյուսիսային պողոտայի մի խանութի դրամարկղից էլ գողացել էին 108 հազար դրամ։

Դեկտեմբերի 14-ից 15-ը կողոպուտի դեպքեր գրանցվեցին Շենգավիթի վարչական տարածքում։ Բագրատունյաց փողոցում հափշտակել էին մի կնոջ դրամապանակը, որի մեջ փող ու բանկային քարտեր էին, Արշակունյաց պողոտայի առևտրի կենտրոնի մոտ էլ մի տղամարդու ձեռքից բջջային հեռախոս էին հափշտակել։

Այս դեպքերից մեկ շաբաթ անց օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում ստացվեց, որ Երվանդ Քոչարի փողոցում անհայտ անձը բացահայտ հափշտակել է մի աղջկա պայուսակ, որի մեջ եղել էր փող, բանկային քարտեր, ականջակալներ ու քաղծառայության վկայական։

Թե՛ տուժողների նկարագրությունը և թե՛ գողության վայրերում ձեռք բերված փաստերը հուշում էին, որ նշված հանցագործությունները նույն մարդու ձեռքի գործն են, որը երիտասարդ էր, միջին կազմվածքի: Անհրաժեշտ էր պարզել ինքնությունը, ճշտել գտնվելու վայրը և, որ ամենակարևորն էր, հայտնաբերել նրան:

Բացահայտման ուղղությամբ համալիր որոնողական աշխատանքներ ձեռնարկվեցին, որոնց արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ նշված հանցագործությունները հնարավոր է կատարած լինի Երևանի Շիրակի փողոցի 22-ամյա մի բնակիչ։

Հունվարի 12-ին կասկածյալը Հանրապետության հրապարակում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին։

22-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք և կալանավորվել։

Միջոցառումներ են ձեռնարկվում՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

--00—ԼՄ