Եվրախորհրդարանը Դեմիրթաշին անհապաղ ազատ արձակելու պահանջով բանաձև է ընդունել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 22,  24News

թուրքիա

Եվրախորհրդարանում  «Մարդու իրավունքները Թուրքիայում, Դեմիրթաշի և այլ քաղբանտարկյալների վիճակը» խորագրով հատուկ նիստ է կազմակերպվել։

Նիստում ելույթ է ունեցել Հավասարության հարցերով եվրահանձնակատար Հելենա Դալին, ով ընդգծել է, որ  ԵՄ-ն պարբերաբար բարձրաձայնել է իր մտահոգությունները Թուրքիայում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, իսկ համապատասխան առաջարկները ներկայացվել են Եվրոպական հանձնաժողովի՝ Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցում։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Դալին հիշեցրել է, որ Թուրքիայի Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների համաձայն՝ Դեմիրթաշի իրավունքները ոտնահարվել են։ Նա մտահոգիչ է համարել ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) ներկայացուցիչների դեմ կայացված որոշումները։

Եվրահանձնակատարը նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարն անկասկած Թուրքիայի օրինական իրավունքն է, բայց այն պետք է ներդաշնակ  լինի օրենքի գերակայության սկզբունքին և մարդու հիմնարար իրավունքների պահանջներին։

Նիստի ընթացքում հաստատվել է Եվրախորհրդարանի քաղաքական կուսակցական խմբակցությունների համատեղ բանաձևը, որով պահանջվում է անհապաղ ազատ արձակել ԺԴԿ նախկին համանախագահ Սեալհաթթին Դեմիրթաշին, Ֆիգեն Յուքսեքդաղին և հանել Դեմիրթաաշին առաջադրված մեղադրանքները։ Հղում է կատարվել նաև Դեմիրթաշի գործով ՄԻԵԴ-ի ընդունած որոշումներին։

Փաստաթղթում կոչ է արվել նաև թուրք պաշտոնյաների հետ շփումների օրակարգում պահել ոչ միայն Դեմիրթաշի, այլև իրավաբանների, իրավապաշտպանների, լրագրողների, քաղաքական գործիչների ու մտավորականների դեմ հարուցված դատական գործերը և աջակցել այդ մարդկանց։

 --00—ՄՀ