Չհասցրինք պատրաստվել 5-րդ սերնդի պատերազմին. պարտություն ենք կրել անհավասար մարտում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

նկար

ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել «Մեդիամաքս» գործակալությանը, որի շրջանակում անդրադարձել է իր այն հայտարարությանը, թե նոր պատերազմի դեպքում հայկական կողմը նոր տարածքներ է նվաճելու:

Հարցազրույցի այդ հատվածը ներկայացնում ենք ստորև:

- Դուք ասել էիք, որ պատերազմի դեպքում հայկական կողմը պետք է գործողությունները տեղափոխի հակառակորդի տարածք: Մասնավորապես, ասել էիք, որ «անհրաժեշտության դեպքում մեր գրոհային խմբերը կարող են քաոս ստեղծել հակառակորդի թիկունքում»: Ինչո՞ւ դա տեղի չունեցավ:

- Այո՛, նշված գրոհային ստորաբաժանումների ստեղծումը եւ դրանց պատրաստումը հակառակորդի տարածքում գործելու համար, Զինված ուժերի համալրումը բազմաֆունկցիոնալ կործանիչներով, տարատեսակ ԱԹՍ-ներով եւ գերճշգրիտ հրթիռահրետանային համակարգերով, ինչպես նաեւ հետախուզական եւ հատուկ նշանակության կարողությունների զարգացումն ի վերջո բերելու էին հայեցակարգային փոփոխությունների:

Սակայն ՀՀ նախագահի՝ 2018 թ. փետրվարի 17-ի հրամանագրով հաստատված «ՀՀ Զինված ուժերի 2018-2024 թթ. արդիականացման ծրագիրը», խմբագրված եւ Անվտանգության խորհրդի կողմից 2019 թվականին նորից ընդունված Զինված ուժերի զարգացման պլանը, կառավարության կողմից վերանայվող «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը», նախաձեռնված «Պաշտպանության ռազմավարական վերանայումը» ամբողջ ծավալով չէին իրագործվել։ Մենք չհասցրեցինք պատրաստվել «անհպում» պատերազմին՝ հինգերորդ սերնդի սպառազինության կիրառմամբ։

Պաշտպանության ոլորտի եւ զինված ուժերի զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ 2020 թ. հունիսի 9-ին հրապարակված տեսլականում ես նշել էի, որ մեկնարկել է Զինված ուժերի լայնածավալ վերազինման գործընթաց՝ սկսած հրաձգային զենքերից մինչեւ հեռահար հրթիռային համակարգեր եւ մարտական բազմաֆունկցիոնալ ավիացիա, սակայն մենք ճանապարհի սկզբին էինք:

Վերազինումը նպատակաուղղված էր, մասնավորապես, զինված ուժերի ստորաբաժանումներն այնպիսի շարժունակ, ժամանակակից եւ գերճշգրիտ զինատեսակներով համալրելուն, որոնք կգործեն ավտոմատ կառավարման տիրույթում եւ կապահովեն ստորաբաժանումների ապակենտրոնացված ինքնուրույն գործողությունները: Համոզված եմ, որ մենք չունեինք այլընտրանք, քան այս ձեւաչափով պատերազմելը։

Բոլոր հայտարարություններն արվել են՝ հաշվի առնելով հակառակորդի հնարավոր գործողությունների եւ տարածաշրջանային զարգացումների կանխատեսելիությունը, սակայն Թուրքիայի անմիջական եւ վարձկանների զանգվածային ներգրավման, մատակարարման ուղիների ամբողջական արգելափակման ռիսկերի թերի գնահատմամբ։

Եթե իմ առաջ քաշած ծրագրային ու հայեցակարգային մոտեցումները գնահատվում են որպես «ամպագոռգոռ», «իրականությունից կտրված» եւ «հոխորտանք», ապա հայաստանյան որոշ քաղաքական գործիչների ոչ կոմպետենտությունը, թուլամորթությունն ու մելամաղձության դրսեւորումները պարզապես անվտանգության սպառնալիք են մեր ժողովրդի համար։ Մենք պարտություն ենք կրել բոլոր առումներով անհավասար մարտում, բայց դա որեւէ մեկին իրավունք չի տալիս խաղալ մեր ժողովրդի ազգային արժանապատվության հետ: Պետք է դադարեցնել մարդկանց հոգեբանորեն հյուծող այս քաղաքական մղձավանջը եւ թերարժեքության բարդույթ ներարկելու փոխարեն վերլուծել սխալները, դասեր քաղել ու աշխատել: Մենք չափազանց բարձր գին ենք վճարել, հազարավոր երիտասարդներ իրենց կյանքն են տվել հանուն Հայրենիքի եւ մեր շահերի պաշտպանության, եւ պարտվողական ելույթներն անարգում են նրանց հիշատակը:

Առավել մանրամասն՝ «Մեդիամաքս»-ում:

--00—ԼՄ