Տոնոյանի՝ ռազմական գործողության պլանավորման և վարման գործընթացից դուրս մնալու հիմք չկար

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 26,  24News 

Կարեն Վրթանեսյան

Ռազմական գործողությունների ժամանակ Դավիթ Տոնոյանի՝ ռազմական գործողությունների պլանավորման և վարման գործընթացից դուրս մնալու որևէ իրավական հիմք չկար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցին:

Գրառումը՝ ստորև.

«Այսօր պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է հարցազրույցում.
«2015 թվականին ընդունված նոր Սահմանադրությամբ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը փաստացի դուրս է մնում ռազմական գործողությունների պլանավորման և վարման գործընթացից, քանի որ այդ լիազորությունները վերապահվում են Գերագույն հրամանատարին և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետին»։

Կարդում ենք ՀՀ Սահմանադրության 155րդ հոդվածի 3րդ կետում.

«Ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին»:
Ոմանք կասեն. «Հա, բա ճիշտ է ասում, պատերազմ էր, չէ՞», ինչին կպատասխանեմ, որ ռազմական դրություն մտցնելը ֆորմալ առումով ԴԵՌ չի նշանակում պատերազմ։ Պատերազմ պետք է առանձին հայտարարվի, ինչը չի արվել։

Այն, որ պատերազմ հայտարարելը և ռազմական դրություն մտցնելը նույն բանը չեն, կարող եք համոզվել կարդալով Սահմանադրության 119րդ հոդվածի 1ին կետը.

«Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում Կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն...»։

Այսինքն պատերազմ հայտարարելը և ռազմական դրություն մտցնելը հստակ 2 տարբեր երևույթ են։
Այսպիսով՝ սեպտեմբերի 27-ից առ այսօր, քանի որ ՀՀ-ն որևէ այլ երկրի պատերազմ չի հայտարարել, ապա ԳՇ պետը, ինչպես և մինչև սեպտեմբերի 27-ը, շարունակում էր ենթակա մնալ ՀՀ պաշտպանության նախարարին։

Այնպես որ ռազմական գործողությունների ժամանակ Դավիթ Տոնոյանի՝ ռազմական գործողությունների պլանավորման և վարման գործընթացից դուրս մնալու որևէ իրավական հիմք չկար։

Չգիտեմ, հասկանալի՞ եմ գրել...»:

--00--ԱՀ