Արցախում վերաբացվել են նաև Շուշիի շրջանի որոշ կրթօջախներ. ընդհանուր կորցրել ենք 107 դպրոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

դպրոց կորոնա

Արցախի գրեթե բոլոր բնակավայրերում արդեն կանոնավոր գործում են հանրակրթական դպրոցական հաստատությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը:

«Պատերազմական գործողությունների հետևանքով կորցրել ենք 107 դպրոց, որտեղ աշխատում էին 1764 ուսուցիչ, սովորում՝ 8155 աշակերտ: Արցախի տարածքում գտնվող  բնակավայրերում այժմ առկա է  110 դպրոց:  Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի շրջանների և  Ստեփանակերտի դպրոցներում  սովորում է շուրջ  1700 աշակերտ: Սահմանային լինելու պատճառով՝ չեն գործում միայն Մարտունու Թաղավարդ, Կալեր համայնքների և Ասկերանի Սզնեք գյուղի կրթօջախները:Մասնավորապես՝ Սզնեքի դպրոցը, սահմանից մոտ 120 մետր հեռավորության վրա է գտնվում:

Շուշիի շրջանի՝ Արցախի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերից, դպրոցներ են գործում Հին շենում ու  Եղցահողում, իսկ Մեծ շենի  կրթօջախն  առայժմ չի գործում՝ աշակերտ չլինելու պատճառով: Լիսագորում այժմ 2 աշակերտ կա և ըստ դպրոցի տնօրենի՝ առաջիկայում դպրոցականների թիվն աճելու է, և այստեղ ևս կրթօջախը կգործի: Քաշաթաղի շրջանում գործում է միայն Աղավնոյի դպրոցը, որտեղ ժամանակավորապես  կարող են հաճախել նաև Ներքին Սուսի  փոքրաթիվ աշակերտները: Որքանով տեղյակ եմ Բերձորում նույնպես դպրոցական երեխաներ  կան: Նրանք առայժմ  ավտոմեքենաներով կհաճախեն Աղավնոյի դպրոց, մինչև որոշվի Բերձորի կարգավիճակի հարցը»,-ասել է փոխնախարարը:

--00—ԼՄ