ՌԴ-ն շահագրգռված է խորացնել երկխոսությունն Իրանի հետ Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 26, 24News

քաղաքական

Մոսկվան եւ Թեհրանը նշում են իրենց փոխադարձ շահագրգռվածությունը խորացնելու երկխոսությունը մի շարք տարածաշրջանային հարցերով, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` բացելով բանակցություններն Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հաշվի առնելով մեր երկրների դերը մեզ շրջապատող տարածաշրջանում` մենք շահագրգռված ենք խորացնել երկխոսությունն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են անվտանգությունը Պարսից ծոցում, աֆղանական կարգավորման խնդիրները եւ, իհարկե, կարելի է քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից պայմանավորվածությունների ձեռք բերումից հետո»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Նա նաեւ մատնանշել է ռուս-իրանական փոխգործակցության կարեւոր դերը ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության եւ կազմակերպված հանցավորության այլ տեսակների դեմ պայքարի միջազգային հարթակներում:

Լավրովը նշել է նաեւ, որ Մոսկվան եւ Թեհրանն անկեղծորեն շահագրգռված են բոլոր կողմերի կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի լիարժեք իրականացման մեջ: «Այսօր ամենահրատապ թեմաներից մեկն Իրանի միջուկային ծրագրի շուրջ կարգավորման Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի փրկության խնդիրն է: Ե՛վ մենք, ե՛ւ Իրանն անկեղծորեն շահագրգռված ենք ԳՀՀԾ-ն ստորագրած բոլոր կողմերին վերադարձնել իրենց պարտավորությունների լիարժեք կատարմանը»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

--0--ԿԿ