Ֆրանսիայում ՀՀ դեսպանը Լիոնում ներկայացրել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

Տոլմաջյան

Հունվարի 19-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Լիոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեին (Grégory Doucet), Լիոն մետրոպոլի նախագահ Բրունո Բերնարին (Bruno Bernard) և Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի պրեֆեկտ Պասկալ Մայոսին (Pascal Mailhos)։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպումների ընթացքում դեսպանը հանգամանալից ներկայացրել է Թուրքիայի աջակցությամբ և վարձկան ջիհադիստների ներգրավմամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ավերիչ պատերազմի հետևանքները և ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները։

Այդ համատեքստում նա մտահոգություն  է հայտնել վերջին ամիսներին Ֆրանսիայի տարածքում հայկական հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հասցեին թուրքական ազգայնական կազմակերպությունների կողմից հնչեցված հրապարակային սպառնալիքների կապակցությամբ։

Դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել Լիոն քաղաքի և Լիոն մետրոպոլի կողմից պատերազմի և համաճարակի հետևանքների վերացման նպատակով Հայաստանին ու Արցախին տրամադրված հումանիտար օգնության համար։

Երկուստեք ընդգծվել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության դերը երկու պետությունների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում։ Շոշափվեցին երկկողմ համագործակցության ընթացիկ հարցեր։

--00--ԱԹ