Վազգեն Մանուկյանը խոստովանեց այն, ինչ մինչև օրս չէր հաջողվել ապացուցել. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

նկար

ՔՊ վարչության անդամ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Վազգեն Մանուկյանը խոստովանեց այն, ինչ մինչեւ օրս չէր հաջողվել ապացուցել: Նա ասում է, թե պատերազմի ընթացքում զանգել է Արցախ, բանակի գեներալներին, նրանց հորդորելով իրենց ձեռքը վերցնել իշխանությունը:

Ի՞նչ փաստարկներով պիտի հիմնավորած լինի իր տեսակետը պրն Մանուկյանը, կարծում եմ՝ պարզ է. հողերը ծախած են եւ այսպես շարունակ: Փաստորեն՝ նա մեր զինվորականությանը ներշնչել է, որ դեպի Հորադիզ գրոհելու իմաստ չկա, պետք է գրոհել դեպի Երեւան: Ու եթե Վազգեն Մանուկյանը այս քարոզը գեներալների շրջանում տարել է, կարելի է ենթադրել, որ նույն բանը արել են նաեւ նրան իրենց թեկնածու կարգած ուժերը:

Մի քիչ ավելի ցածրաստիճան «17-ականները» ենթադրաբար այդ նույն քարոզը տարել են գնդապետների, փոխգնդապետների ու մայորների շրջանում, մի քիչ ավելի ցածրաստիճանները՝ կապիտանների ու լեյտենանտների շրջանում, ավելի ցածրաստիճանները՝ սերժանտների ու շարքայինների շրջանում:

Պատերազմի ընթացքում, փաստորեն, էս մարդիկ միայն մի բանով են զբաղված եղել. գեներալից մինչեւ շարքային մեր բանակի հաղթանակի կամքը թուլացնելու, կոտրելու գործով: Նրանք համոզված են եղել՝ իրենց թողած բանակցային ժառանգության բերումով՝ Ջեբրաիլն ու Հորադիզը պետք է թողնել եւ պետք է գրոհել Հայաստանի կառավարության շենքը: Իսկ որպեսզի կառավարության շենքը գրոհելու «լեգիտիմ» առիթ լինի, ռազմաճակատում պետք է լինեին հնարավորինս շատ անհաջողություններ, իսկ սրա համար պետք էր կասկած սերմանել հայոց բանակի զինվորների, սպաների, գեներալների շրջանում, թուլացնել ու կոտրել կռվելու ու հաղթելու նրանց կամքը:

Իսկ այդ նույն ժամանակ Երեւանում ձեւավորվում էին կառավարության ու Ազգային ժողովի շենքը գրոհելուն պատրաստ «մարտունակ» ջոկատներ»:

--00—ԼՄ