Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր հեռանկարներ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 27,  24News  

․

Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրում այսօր հանդիսավորությամբ բացվել է նոր դասասենյակ, որին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Դասասենյակի բացման խորհրդանշական ժապավենը կտրել են նախարարն ու պետքարտուղարը, որից հետո հյուրերը շրջայց են կատարել դպրոցում, ծանոթացել ուսումնական հաստատությունում իրականացվող շինարարության ընթացքին, ինչպես նաև զրուցել ուսուցիչների, ծնողների և աշակերտների հետ:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ դասասենյակի բացումն իրապես խորհրդանշական է՝ որպես հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման վկայություն:

«Հանդիսանալով կրթամշակութային ուսումնական կենտրոն՝ այն լավագույնս կնպաստի Հայաստանում ֆրանսերենի զարգացմանը և հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը: Հաշվի առնելով ֆրանսերենի ուսուցման առանձնահատկությունը՝ լիահույս եմ, որ միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում կրթահամալիրը կիրականացնի նաև ծրագրային նոր նախաձեռնություններ՝ ուղղված Հայաստանի հանրակրթական դպրոցներում ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների կարողությունների զարգացմանը: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական և արդյունավետ, ինչպես նաև նոր նախաձեռնությունների հիմք կհանդիսանա՝ ի նպաստ մեր երկու պետությունների զարգացմանը»,- շեշտել է Վահրամ Դումանյանը:

«Խիստ տպավորված եմ և հուզված, քանի որ վկա եմ եղել, թե ինչպես է զարգանում այս դպրոցը: Ներկայում դպրոցում սովորում է 200-250 աշակերտ. առաջիկայում այն կարող է հասնել մինչև 400-450-ի: Սա խորհրդանշական ծրագիր է Հայաստանի և Ֆրանսիայի միջև, քանի որ ՀՀ կառավարության շնորհիվ է նաև, որ ունենք այս շինությունը»,- իր հերթին նշել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը:

--00--ԱՀ