Հայաստանը Կոռուպցիայի ընկալման համաթվում էական առաջընթաց գրանցող երկիր է. Ռուստամ Բադասյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 28, 24News

հասարակական

Հրապարակվել են Թրանսփարենսի ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2020 թվականի արդյունքները:

Հայաստանը շարունակում է զգալիորեն աճ գրանցել՝ այս տարի ևս 7 միավորով բարելավելով նախորդ տարվա արդյունքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Այսպես, ունենալով 49 միավոր՝ Հայաստանը զբաղեցրել է 60-րդ հորիզոնականը (2019 թվականին՝ 77-րդ հորիզոնական, 2018 թվականին՝ 105):

ԹԻ-ն նշում է, որ 49 միավորով Հայաստանը Կոռուպցիայի ընկալման համաթվում էական առաջընթաց գրանցող երկիր է, որը 15 միավորով բարելավել է արդյունքը 2012 թվականից ի վեր։

Հայաստանը որդեգրել է բարեփոխումներ իրականացնելու աստիճանական մոտեցում՝ հանգեցնելով հակակոռուպցիոն կայուն և դրական բարեփոխումների։ 

Միաժամանակ, ԹԻ նշմամբ դատական համակարգում առկա խնդիրները դեռևս շարունակում են մարտահրավեր լինել կոռուպցիայի դեմ պայքարում լիարժեք հաջողելու համար։

Հիշեցնեմ, որ ԿԸՀ-ի արդյունքները կարևորվում են այն առումով, որ գնահատում է պետության իրականացրած քայլերի վերաբերյալ քաղաքացիների ընկալումը։

Վստահ եմ՝ հակակոռուպցիոն հետևողական ու իրական բարեփոխումները, դատաիրավական համակարգի բարեփոխումները կնպաստեն նաև մեր զինված ուժերի հզորացմանը:

Շնորհավոր Հայոց բանակի օրը...

Փառք ու պատիվ հայրենիքի մեր պաշտպաններին...

Խոնարհումս իրենց կյանքը մեր հայրենիքին նվիրած հայորդիների հիշատակին», - նշել է Բադասյանը։

--0--ԿԿ