Թուրքիայի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն․ Զարիֆ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 29,  24News   

Զարիֆ

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը տարածաշրջանային այցի շրջանակում նախօրեին մեկնել է Թուրքիա:  Զարիֆը մինչ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյանների հետ հանդիպումը հարցազրույց է տվել Իրանի պետական հեռուստաընկերությանը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Զարիֆը նշել է, որ Թուրքիայի և Իրանի միջև երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերի շուրջ համագործակցությունը կենսական նշանակություն ունեն և հավելել, որ Իրան-Թուրքիա հարաբերություները մշտական խորհրդատվություն են պահանջում:

Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ շատ կարևոր է, որ Կովկասում մնայուն խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ պայմանները ձևավորվեն համագործակցության միջոցով:

Նա, անդրադառնալով տարածաշրջանային վեցակողմ՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, համագործակցության նախաձեռնությանը, ասել է.

«Ավելի վաղ այս մեխանիզմը օրակարգ էին բերել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու տարածաշրջանի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Այս հարցի շուրջ էլ հանդիպումներ ունեցա, որոնց արդյունքների մասին կհայտնեմ թուրք պաշտոնյաներին, քանի որ սա հատկապես կարևոր հարց է տարանցման ոլորտում համագործակցության տեսանկյունից»: 

Նշենք որ Զարիֆն ավելի վաղ կողմ է արտահայտվել տարածաշրջանային վեցակողմ՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, համագործակցության նախաձեռնությանը։

 --00—ՄՀ