Թաղավարդ գյուղի 140 տուն հայտնվել է հակառակորդի կողմում

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 2,  24News

Թաղավարդ

Պատերազմի հետևանքով Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի 140 տուն մնացել է  հակառակորդի վերահսկողության ներքո: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Թաղավարդի համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը՝ հավելելով, որ պատերազմի հետևանքով անօթևան է մնացել 520 թաղավարդցի:

«Նրանց մեծ մասը վերահաստատվել են Արցախի տարբեր բնակավայրերում, իսկ 20 ընտանիք՝ Հայաստանի Հանրապետությունում:  Թաղավարդի այն հատվածում, որը մնացել է  Արցախի վերահսկողության ներքո մոտ 149 տուն է մնացել: Դրանք գրեթե բոլորը վնասվել են հրետակոծությունների հետևանքով, իսկ 5 տուն ավերվել է հիմնովին: Թաղավարդի այս հատվածի բնակիչները՝ գրեթե բոլորը՝ մոտ 90 տոկոսը, վերադարձել են իրենց օջախներ: Թշնամու տիրապետության տակ է անցել գյուղի դպրոցներից մեկը: Մյուսում, որը գտնվում է  գյուղի՝ մեր վերահսկողության տակ գտնվող հատվածում, արդեն 140 աշակերտ  է հաճախում՝ Կարմիր շուկայից ու Թաղավարդից: Ադրբեջանական վերահսկողության ներքո են անցել նաև Թաղավարդի գյուղատնտեսական նշանակության հողերի՝ պտղատու այգիների ու արոտավայրերի, մոտ 70 տոկոսը:

Այժմ ունենք մոտ 120 հեկտար վարելահող, որտեղ գյուղացիները աշնանացան են կատարել և նախապատրաստվում են գարնանացանի: Թշնամու կողմում են մնացել նաև գյուղի՝ 18-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, դպրոցական շենքերից մեկն ու գերեզմանոցը»,- մանրամասնել է Թաղավարդի համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ մինչև պատերազմը գյուղն ուներ 289 տուն՝ 1314  բնակչով:  

--00--ԱԹ