Պատրաստ ենք ձեռք բերել «Սպուտնիկ V» պատվաստանյութի լրացուցիչ խմբաքանակներ. նախարար

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

դեսպան նախարար

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և ՌԴ դեսպանության խորհրդական Պավել Կուրոչկինին: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրության շրջանակներում երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև ձեռք բերված համագործակցության ուղղությունները:

Անահիտ Ավանեսյանը կարևորել է ռուսական կողմից Հայաստանին պարբերաբար տրամադրվող աջակցությունը` պատվաստանյութեր, լաբորատոր և ախտորոշիչ սարքավորումներ, այդ թվում` ախտորոշիչ-բուժական շարժական կլինիկաներ:

Հարկ է նշել, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում մեծ դերակատարում ունեն հայ-ռուսական առողջապահական համաժողովները, որոնք տարեկան կտրվածքով անց են կացվում Մոսկվայում և Երևանում: Ի դեպ, հերթական` 2021 թվականի համաժողովը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում:

Նախարար Ավանեսյանն իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանին` նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարում ցուցաբերած անգնահատելի աջակցության համար՝ ընդգծելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում ռուս գործընկերների հետ ակտիվ համագործակցել են:

«Մեզ համար շատ կարևոր է ռուսական կողմի հետ սերտ համագործակցությունը, պարբերաբար տեղեկատվությունն ու փորձի փոխանակումը, և այսօր էլ մեր մասնագետներն ակտիվ բանակցություններ են վարում ռուսական «Sputnik V» պատվաստանյութի ձեռքբերման շուրջ: Այս համատեքստում կուզեի նշել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակներում համագործակցության համաձայնագիր է ստորագրել, այդուհանդերձ, պատրաստ ենք նաև ձեռք բերել ռուսական «Sputnik V» պատվաստանյութի լրացուցիչ խմբաքանակներ այս նախաձեռնության շրջանակներում», - ասել է Անահիտ  Ավանեսյանը:

Հանդիպման ավարտին երկուստեք շնորհակալություն են հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով, որ այս գործընթացն ունի լուրջ կառուցողական հիմք և ուղղված է ռազմավարական դաշնակիցների միջև համագործակցության զարգացմանը և մեր երկրների բնակչության առողջության և բարեկեցության ապահովմանը:

--00--ԱԹ