«Յուվենտուսը» շնորհավորել է Ռոնալդուին ծննդյան տարեդարձի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News

սպորտ

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն փետրվարի 5-ին նշում է ծննդյան 36-րդ տարեդարձը: «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը շնորհավորել է օրվա հոբելյարին:

Ռոնալդուն ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «գոլ+փոխանցում» հաշվարկով լավագույնն են A Սերիայի այս մրցաշրջանում: Իտալիայի ընթացիկ առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի ավագը մասնակցել է 19 խաղի և դարձել 9 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Պորտուգալիայի հավաքականի ավագը խփել է 15 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն 2018 թվականից է խաղում «Յուվենտուսում», որի հետ 2 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն: Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաև Լիսաբոնի «Սպորտինգում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» ու Մադրիդի «Ռեալում»:

Վերջերս Ռոնալդուն կարիերայի ընթացքում պաշտոնական խաղերում գոլերի թիվը հասցրել էր 763-ի և դարձել ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուն:

--0--ԿԿ