Արցախցիների կոմունալ ծառայությունների համար 12 մլրդ դրամի սուբսիդավորում է նախատեսվում

ԵՐԵՎԱՆ ՓԵՏՐՎԱՐԻ 6,  24News   

Արցախ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում փետրվարի 6-ին տեղի է ունեցել արտադրության և արտադրական ենթակառուցվածքների և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական  հանձանաժողվների համատեղ նիստը՝ Վլադիմիր Կասյանի  և Արթուր Հարությունյանի գլխավորությամբ:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, հայտնում են, որ հրավիրված էին կառավարության անդամներ՝ պետնախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև «Արցախէներգո» և  «Արցախգազ» ընկերության պատասխանատուները: Քննարկման թեման  բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության ծրագիրն էր:

Գրիգորի Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ 2021 թվականի բյուջեի նախագծով 12 մլրդ դրամի սուբսիդավորում է նախատեսվում: Բնական գազի սպառման  գծով ձմեռային ամիսներին նախատեսվում է  մինչև 180 խմ ներառյալ, էլեկտրաէներգիայի սպառման գծով՝ մինչև 500 կվտ/ժ ներառյալ փոխհատուցում: Չգազաֆիկացված բնակավայրերի և համայնքների չգազաֆիկացված թաղամասերի համար  էլեկտրաէներգիայի փոխհատուցում է նախատեսվում մինչև 1500 կվտ/ժ ներառյալ: 2021 թվականի համար ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության վճարը կփոխհատուցվի ամբողջ չափով:

Հաղորդումներով հանդես եկան տարածքային կառավարման նախարարն ու «Արցախէներգո» ու «Արցախգազ» ընկերության պատասխանատուները: Նրանք ներկայացրին հնարավոր օպտիմալ տարբերակները: Խորհրդարանականները հանդես եկան առաջարկություններով: Դրանք վերաբերվում էին էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման շեմը գործող 500 կվտ-ի փոխարեն մինչև 750 կվտ բարձրացնելուն,փոխհատուցման փոխարեն գազի ու էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնելուն,ամռան փոխհատուցումը ձմռան ամիսներին բաշխելուն: Հարցը լրացուցիչ կքննարկվի՝ պատկան մարմինների կողմից համապատասխան  ուսումնասիրության արդյունքները ներկայացանելուց հետո:

  --00—ՄՀ