Գործընթացը մտավ փակուղի. պայթյունից խուսափելու հրամայականը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

նկար

Նիկոլ Փաշինյանն «Իմ քայլը» խմբակցության շուրթերով փաստացիորեն հայտարարեց, որ հրաժարվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումից՝ պատճառաբանելով, որ «ընդդիմության և հասարակության լայն շերտերի մոտ չկա նման օրակարգ»։

Առաջին հայացքից իշխանությունը շատ ճիշտ է գնահատում իրավիճակը՝ ընդդիմության «17-ի ֆորմատը» ցույց տվեց իր քաղաքական իմպոտենտությունը, ժողովրդի ճնշող մեծամասնությունն էլ դուրս չեկավ փողոց՝ Արցախում կրած ողբերգական պարտությունից հետո Փաշինյանի և իր թիմի հրաժարականը պահանջելու համար։ Իրականում, սակայն, այս վիճակը խաբկանք է, որն էլ հանգեցնելու է Փաշինյանի թիմի քաղաքական ոչնչացմանը։

Փաստ է, որ «17»-ի նախաձեռնությունները հաջողությամբ չեն պսակվում մի պարզ պատճառով. հարթակին կանգնած լիդերներն ավելի լավ ապագայի, մեր կոտրված մեջքի շտկման ոչ ծրագիր են ներկայացնում, ոչ էլ իրատեսական քայլեր։ Ավելին, նրանց անցած ճանապարհը շատ դեպքերում փաստարկված, իսկ շատ դեպքերում իռացիոնալ անվստահություն է ներշնչում ՀՀ քաղաքացիներին, ինչով էլ պայմանավորված է հանրահավաքների սակավամարդությունը։ Սակայն սա բացարձակապես չի նշանակում, որ հայրենիքի կորուստը, հազարավոր ջահել տղերքի մահն ու խեղված ճակատագրերը կարող են հանգիստ թողնել Փաշինյանի իշխանությանը։ Որքան էլ նրանք հայտարարեն, որ «մենք կապ չունենք, նախկիններն են մեղավոր», ժողովուրդը չի կարող ներել իր զավակների կորուստը, մանավանդ, որ դրա արդյունքում չկարողացանք նաև Արցախ պաշտպանել։ Եվ որքան էլ փոփոխությունների գործընթացը մտնում է քաղաքական փակուղի, այնքան ահագնանում է արկածախնդրության հնարավորությունը, որը կարող է վերջնականապես անվերահսկելի դարձնել մեր երկրի ազատ անկումը։ Չի կարող խուլ ու ահագնացող դժգոհությունը ինչ-որ ձև չարտահայտվել, քանի որ, կրկնվեմ, եթե ընդդիմության նկատմամբ վստահություն չկա, բացարձակապես չի նշանակում, որ իշխանությունները շարունակում են վայելել այն վստահությունը, որ կար 2018-ի «թավշյա և այլն, և այլն» հեղափոխությունից հետո։

Փաշինյանը կորցնում է ռեստարտի ու լիցքաթափման հնարավորությունը

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախ և առաջ պետք էին Նիկոլ Փաշինյանին և յուր վարչակազմին, այլ ոչ թե ընդդիմությանն ու մանավանդ «17»-ին, որոնք արդեն մի քանի անգամ հայտարարել էին, որ Փաշինյանի կազմակերպած ընտրական գործընթացին չեն մասնակցելու։ Սակայն քաղաքական պրոցեսներով իրավիճակը լիցքաթափելու, զուտ քաղաքական որոշումներով երկրի ռեստարտի անհրաժեշտությունը կար և շարունակում է մնալ։ Եվ եթե դու զրկում ես փոփոխությունների քաղաքական հնարավորությունից, ապա միշտ հայտնվում է մի չերևացող ձեռք, որը որոշում է գնալ այլ, չերևացող ճանապարհով։ Ու այդ չերևացող ձեռքը գործում է, բնականաբար, ոչ իր դեմքով. միշտ էլ գտնվում են «ռոմանտիկներ ու նվիրյալներ», որոնք հավատում են իրենց քայլերի «ազգափրկիչ» բնույթին՝ մեր նորանկախ պատմության մեջ այդպիսի նախադեպեր եղել են։

Պայթյունից խուսափելու հրամայականը

Ընդդիմության «քաղաքական իմպոտենտությունը» և ժողովրդի կրավորական կեցվածքը շատ պարզ բացատրություն ունի։ Մարդիկ չեն ուզում լսել, որ Նիկոլ Փաշինյանն ու յուր իշխանությունը «քըխ է», «դավաճան է», «սրիկա» ու «ազգակործան է» ու դրանով եզրափակվել։ Եթե անգամ այդ գնահատականները ճիշտ են, սա բացարձակապես չի նշանակում, որ հայտ ներկայացնողների օրոք երկրում ավելի լավ է լինելու։ Այլ խոսքերով՝ մինչև չլինի ապագայի մասին հստակ ձևակերպված տեսլական, քայլերի հաջորդականություն ու առարկայական կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագիր, փողոցը մնալու է դատարկ, իշխանական սենյակներում էլ իշխանափոխության օրակարգի բացակայության «խաբկանքը» շարունակելու է տիրել։ Եվ եթե մենք ուզում ենք խուսափել դաժան հետևանքներով արկածախնդրություններից, պետք է կարողանանք ազգի մտավոր ներուժի համախմբմամբ ապագայի քայլերի հաջորդականություն, տեսլական ներկայացնենք։ Դրա արդյունքում կփոխվի և՛ իշխանությունը, և՛ ընդդիմության այն հատվածը, որը գրեթե նույն անբովանդակ իրականության մեջ է ապրում։

Սուրեն Կամսարական

--00—ԼՄ