Լենա Նազարյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է պատերազմի հետևանքներն ու գերիների հարցը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News

1

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն այսօր հանդիպել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին, շնորհավորել նրան նշանակման կապակցությամբ, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Չինաստանի ցուցաբերած օժանդակության համար։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը: 

«Խոսել ենք նաև 44-օրյա պատերազմի, դրա աղետալի հետևանքների մասին, շեշտադրել եմ ռազմագերիների և գերեվարված անձանց վերադարձի հրատապության հարցը, ինչպես նաև 30-ամյա կոնֆլիկտի վերջնական հանգուցալուծման կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Դեսպան Ֆան Յոնգն իր հերթին կարևորեց հրադադարի հաստատումը և հույս հայտնեց, որ չլուծված խնդիրները կկարգավորվեն:

Անդրադարձել ենք նաև ՀՀ-Չինաստան ուղիղ չվերթի գործարկման, մի շարք ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հարցերին: Ավելին, տնտեսական ապաշրջափակումն ու տարածաշրջանային հաղորդակցության վերականգնումը կարող են համագործակցության նոր հեռանկարներ բացել»,- գրել է ԱԺ փոխխոսնակը։

--00—ԼՄ